Դիմել ՀՀ մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար
Մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար օտարերկրացին կամ նրա կողմից լիազորված անձը կարող են առանց օնլայն հերթագրման դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (Թաիրովի 14 հասցե)՝ մինչև տրված մուտքի վիզայի ժամկետի լրանալը՝ ներկայացնելով մուտքի վիզայի երկարաձգման դիմում-հարցաթերթիկ, որտեղ նշվում է Հայաստանում գտնվելու ժամկետը երկարաձգելու պատճառը։
Մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կարող են դիմել`
- Օտարերկրյա պետության քաղաքացիություն ունեցող անձինք
- Օտարերկրյա պետության կողմից քաղաքացիություն չունեցող անձ ճանաչվածները։
Պահանջվող փաստաթղթերը
Մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար դիմող անձինք պետք է ներկայացնեն՝
- անձնագիր,
- մեկ 3,5x4,5 մմ չափսի գունավոր լուսանկար,
- պետտուրքի վճարման անդորրագիր։
Վճարման չափը և կարգը
ՀՀ մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար անհրաժեշտ է վճարել երկարաձգման յուրաքանչյուր օրվա համար 500 դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել տեղում՝ պոս տերմինալի միջոցով կամ առցանց եղանակով, ինչպես նաև ցանկացած բանկում՝ հաշվեհամարին փոխանցում կատարելով (գանձապետական հաշվեհամար՝ 900005162111100)։
Տրամադրման ժամկետը և կարգը
ՀՀ մուտքի վիզայի ժամկետը երկարաձգվում է դիմելու օրվա ընթացքում։
Մուտքի վիզայի ժամկետը անվճար երկարաձգվում է հետևյալ դեպքերում՝
- անչափահասներին (մինչև 18 տարեկան անձանց),
- ՀՀ քաղաքացու մերձավոր ազգականներին (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր),
- Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրացի ուսանողներին, դասավանդող մանկավարժներին և դասախոսներին,
- ՀՀ-ին մարդասիրական կամ տեխնիկական օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ ժամանող անձանց,
- ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի և Կառավարության կողմից աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետների և նրանց ընտանիքի անդամներին,
- դիվանագիտական անձնագրերով ՀՀ մուտք գործող անձանց, ինչպես նաև ՀՀ-ում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին,
- ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի, Մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձանց և պատվիրակությունների անդամներին,
- ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ,
- փախստականի կարգավիճակ ստացած անձի` ՀՀ ժամանող մերձավոր ազգականներին։