Հայաստանի Հանրապետության ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը իրականացնում է բազմակողմ միջազգային համագործակցություններ օտարերկրյա պետությունների, միջազգային կառույցների հետ։
Համագործակցություն
2022 թվականի դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) ձևավորելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը, որում Հայաստանի միգրացիոն ծառայության և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հիմքով ՆԳՆ կազմում ձևավորվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը (ՄՔԾ)։ Մինչ Ծառայության կազմավորումը և դրանից հետո միջազգային համագործակցությունը եղել է և շարունակում է մնալ առանցքային ուղղություն աշխատանքի կազմեկրպման, ենթակառուցվածքների ներդրման և զարգացման հարցում։ Այն համագործակցային կապերը, որոնք ձևավորվել են մինչ ՄՔԾ ստեղծում, այժմ էլ շարունակում են մնալ Ծառայության շրջանակում։
2022 թվականի հոկտեմբերի 27-ին Կառույցը դիտորդի կարգավիճակով միացել է Եվրոպական միգրացիոն ցանցին (EMN/ԵՄՑ)։ Կազմակերպությունը Եվրոպական միությունում միգրացիայի և ապաստանի ոլորտին առնչվող քաղաքականության մշակմանն աջակցելու նպատակով համագործակցում է նշված ոլորտներում գործունեություն ծավալող ԵՄ անդամ պետությունների և պատկան մարմինների հետ։ Ցանցի խորհրդի՝ 2008 թ-ի որոշմամբ՝ կազմակերպության նպատակ է սահմանվել միգրացիայի և ապաստանի ոլորտների ինստիտուտների և անդամ երկրների իշխանությունների տեղեկատվական կարիքները բավարարելը և անաչառ, արժանահավատ, թարմ և համադրելի տեղեկատվություն ապահովելը։
Հայաստանը Պրահյան գործընթացի անդամ պետություն է։ Վերջինս նպատակաուղղված միգրացիոն երկխոսություն և քաղաքական գործընթաց է, որն աջակցում է միգրացիոն գործընկերություններին Եվրոպական միության, Շենգենյան գոտու, Արևելյան գործընկերության, Արևմտյան Բալկանների, Կենտրոնական Ասիայի երկրների, ինչպես նաև Թուրքիայի միջև: Պրահայի գործընթացի համատեղ հայտարարությամբ՝ մասնակից պետությունները համաձայնեցրել են ամրապնդել համագործակցությունը միգրացիայի կառավարման ոլորտում, ուսումնասիրել և մշակել համաձայնեցված սկզբունքներ և տարրեր՝ իրենց երկրների միջև միգրացիոն սերտ գործընկերությունների համար՝ հետևելով համապարփակ, հավասարակշռված, գործնական և գործողություններին ուղղված մոտեցման՝ հարգելով միգրանտների, նրանց ընտանիքների և փախստականների իրավունքներն ու մարդկային արժեքները: ՄԾՔ աշխատակազմը բազմիցս մասնակցել է Գործընթացի համաժողովներին, հանդիպումներին և քննարկումներին։ Արդյունքում իրականցվել են դինամիկ փոփոխություններ միգրացիոն օրենսդրությունում, իրավական համակարգերում և ազգային պրակտիկայում, ինչն էլ Պրահայի գործընթացների գլխավոր նպատակներից մեկն է:
Բուդապեշտի գործընթացը միջտարածաշրջանային երկխոսություն է միգրացիայի հարցերով, որը ձգվում է Եվրոպայից մինչև Մետաքսի ուղիների տարածաշրջան՝ ընդգրկելով նաև Եվրոպայի արևելյան հարևաններին, Արևմտյան Բալկաններն ու Կենտրոնական Ասիան, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը։ Երկխոսությունը հարթակ է տրամադրում ավելի քան 50 կառավարության և 10 միջազգային կազմակերպության՝ միգրացիայի և շարժունակության վերաբերյալ երկխոսության և գործնական համագործակցության նպատակով։ Իր 30-ամյա գործունեության ընթացքում Բուդապեշտի գործընթացը ձևավորել է լայնածավալ ցանց իր մասնակից պետությունների միջև և անդրադարձել է բազմաթիվ թեմատիկ ոլորտների։ Մասնակից պետությունները տարեկան հանդիպումներ են անցկացնում ավագ պաշտոնյաների մակարդակով՝ քննարկելու տարածաշրջանում զարգացումները և ռազմավարական ուղղություն տալու երկխոսությանն ու դրա առաջնահերթություններին։ Պետություններին նաև հրավիրվում է մասնակցելու թեմատիկ աշխատանքային խմբերին, որոնք հավաքում են ազգային վարչակազմերի և հաստատությունների փորձագետ պաշտոնյաներին՝ միգրացիայի կառավարման հատուկ թեմատիկ ոլորտներին վերաբերող հարցերը ուսումնասիրելու, քննարկելու և տեղեկատվություն ու լավագույն փորձը փոխանակելու համար։
2014 թվականին ստորագրվել, իսկ 2015-ին ուժի մեջ է մտել ռեադմիսիոն համաձայնագիրը, որով երկկողմ պարտավորություն է ձեռք բերվել ՀՀ և ԵՄ մի շարք երկիրների միջև՝ միգրացիոն օրենքները խախտող քաղաքացիներին վերադարձնել ծագման երկիր: Հայաստանը ռեադմիսիոն (հետընդունման) համաձայնագիր է կնքել է 13 երկրի՝ Լատվիայի, Լիտվայի, Բուլղարիայի, Չեխիայի հանրապետությունների, Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի թագավորությունների, Շվեյցարիայի Դաշնային խորհրդի, Բենիլյուքսի պետությունների, Ռուսաստանի Դաշնության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ: Եվրոպական Միությունը նախկին ԽՍՀՄ երկրների հետ կնքել է 17 ռեադմիսիոն համաձայնագիր: ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում 14-րդ և 15-րդ հոդվածները վերաբերում են միգրացիային, մարդկանց տեղաշարժին: Ռեադմիսիոն համաձայնագրերը մի քանի նպատակ ունեն՝ հեշտացնել երկրի տարածքում օրինական գտնվելու հիմքեր չունեցող անձանց իրենց ծագման կամ իրենց վերջին բնակության երկիր վերադարձը, լուծել վերադարձի գործընթացում պետությունների առջև ծագող հիմնախնդիրները, կազմակերպել վերադարձի արդյունավետ գործընթացը և կանխարգելել տվյալ ոլորտում հիմնախնդիրների առաջացումը: Նոր ռեադմիսիոն համաձայնագրեր են նախատեսվում Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի,Ղազախստանի, Ղրղզստանի, Հնդկաստանի և Իրանի հետ: Հետընդունման (ռեադմիսիոն) համաձայնագրերի շրջանակում մի պետությունը վերադարձնում է իր տարածքում անկանոն կարգավիճակում գտնվող անձանց, իսկ մյուս պետության կողմից իր սեփական քաղաքացիների հետընդունումը սահմանվում է որպես ռեադմիսիա։
Վերջին տարիներին ՀՀ-ն ակտիվորեն համագործակցում է Եվրոպական միության և վերջինիս անդամ պետությունների հետ։ Արդյունքում 2024 թվականի սեպտեմբերին մեկնարկեցին ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունները, իսկ տարվերջին տրվեց գործառնական փուլի մեկնարկը։ Այս որոշումը, ի թիվս այլ ոլորտային աշխատանքների, նաև միգրացիայի կառավարման ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունք է, մասնավորապես 2023 թվականի հունվարին ՆԳՆ կազմում Միգրացիայի և քաղաքացության ծառայության ձևավորումը կարևորագույն բարեփոխում էր ոլորտի արդյունավետ կառավարման շղթան կազմակերպելու տեսանկյունից։ Երկխոսության մեկնարկի համատեքստում կարևոր է արձանագրել, որ մշակվելիք գործողությունների ծրագիրն ամբողջապես և արդյունավետ իրականացնելու արդյունքում ՀՀ քաղաքացիներին տրամադրվելու է Եվրոպական միության երկրներ առանց վիզայի ճամփորդելու հնարավորություն։ Բանակցությունների օրակարգը ներառելու է ինչպես միգրացիայի կառավարման, այնպես էլ սահմանների կառավարման, հանրային անվտանգության և մարդու իրավունքներին առնչվող բարեփոխումների օրակարգերի մշակում և համապատասխան միջոցառումների նախատեսում։