Անձնագիր ստանալու համար անձը մուտք է գործում migration.e-gov․am հարթակ, «Առցանց հերթագրումներ» կամ «Անձնագիր» բաժնից ընտրում համապատասխան տողը՝ «16 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացու անձնագրավորում» «Մինչև 16 տարեկան ՀՀ քաղաքացու անձնագրավորում» կամ «ՀՀ քաղաքացիություն ստացած անձի առաջին անգամ անձնագրավորում» ու ընտրում այն։ Ծանոթանալով պահանջվող փաստաթղթերի ցանկին և պայմաններին՝ սեղմում է «Ամրագրել այց» կոճակը և ընտրում իրեն հարմար և ազատ օր, ժամ և տեղ։ Վերջին գործողությամբ անձը մուտքագրված էլեկտրոնային հասցեին ստանում է կոդ, որն էլ ընտրված օրն ու ժամին տարածք մոտնելաուց գեներացնում է առկա տերմինալի վրա, ստանում կտրոն։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք տարածքային բաժին մոտենալ նախընտրած ժամից 10-15 րոպե շուտ։
Մեկ այլ դեպքում անձը առանց հերթագրման կարող է մոտենալ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ Ծառայության տարածքային ցանկացած ստորաբաժանում, գնահատում տեղում առկա մարդկային կուտակումները, վերցնում տերմինալից հերթի կտրոն և սպասում։
16 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին անձնագիր տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով, սակայն 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին՝ մինչև նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կամ բժշկական վերափորձաքննության ժամկետով:
Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի ղեկավարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաև այլ ժամկետով՝ ուսման, բուժման, մարզական, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով: