Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) կարգավիճակը չի տարածվում վերոնշյալ 3 կետով ներկայացված, բայց այլ պետության քաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ:
ԼՂ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) կարգավիճակ
ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 1864-Ն որոշմամբ սահմանվել է Ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել`
- Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձանց,
- ՀՀ տարածքում կամ ՀՀ-ից դուրս գտնվող այն անձանց, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղում,
- Այն անձանց, որոնք չեն ունեցել հաշվառում Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են Լեռնային Ղարաբաղում և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։
Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթ են՝
- անձնագիրը, որը համապատասխանում է ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում է (կամ տպագրված է) բացառապես 070 ծածկագրով,
- ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը։
Նշված փաստաթղթերը ՀՀ-ից դուրս գալիս վավեր են միայն միասին գործածելու պարագայում։ ՀՀ մուտք գործելու համար ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական չի պահանջվում։
Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին անձը հաստատող փաստաթղթերը տրվում կամ փոխանակվում են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու դեպքում։
ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելուց հետո ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալ/փոխանակելու համար անհրաժեշտ է դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ցանկացած տարածքային ստորաբաժանում, իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկ:
Առաջին անգամ անձնագիր ստանալու համար դիմումատուն անձամբ ներկայացնում է`
- դիմում,
- ծննդյան վկայական կամ մինչև 16 տարին լրանալը ստացած անձնագիր,
- 35 x 45 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր),
- առկայության դեպքում՝ այլ փաստաթղթեր։
16 տարին չլրացած անձի ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը 16 տարին չլրացած անձի անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար ներկայացնում է`
- դիմում,
- ծննդյան վկայական կամ մինչև 16 տարին լրանալն ստացած անձնագիր,
- 35x45 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր),
- ծնողների ամուսնության վկայական, իսկ համապատասխան դեպքերում՝ մահվան, հայրության ճանաչման վկայականները, կա՛մ միայնակ մայր լինելու մասին տեղեկանք, կա՛մ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող, կա՛մ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը:
Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձնագիրը կարող է փոխանակվել դրանում պարունակվող տեղեկությունները փոխելու, գրառումներում անճշտություններ հայտնաբերելու, անձնագիրն օգտագործման համար ոչ պիտանի լինելու, ինչպես նաև այն դեպքերում, երբ՝
- քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող տվյալները,
- լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված անձնագրի էջերը,
- լրացել է անձնագրի վավերականության ժամկետը,
- անձնագրի մեջ առկա են ոչ ճիշտ տվյալներ,
- քաղաքացին նման ցանկություն է հայտնել։
Անձնագիրը փոխանակելու համար անձը ներկայացնում է`
- դիմում,
- փոխանակման ենթակա անձնագիր,
- 35 x 45 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր),
- փաստաթղթում որևէ տեղեկություն փոխելու կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում` նաև իրավասու մարմնի կողմից տրված փոփոխությունը կամ անճշտությունը հավաստող փաստաթուղթ, եթե այդ տեղեկություններն առկա չեն ծառայության վարվող շտեմարանում։
Տպագրված անձնագիրը անձը ստանում է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով:
Պահանջվող փաստաթղթերը
- դիմում-հարցաթերթ,
- օտարերկրյա պետության կողմից տրված վավեր անձնագիր և դրա պատճենը,
- 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր),
- ծննդյան վկայականը և դրա պատճենը՝ նոտարական կարգով վավերացված և հայերեն թարգմանությամբ,
- ամուսնության վկայականը և դրա պատճենը, ամուսնու անձնագրի պատճենը և դրա օրենքով սահմանված նոտարական հայերեն թարգմանությունը,
- ծնողի՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը և դրա պատճենը կամ ՀՀ քաղաքացիությունը հավաստող այլ փաստաթուղթ,
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը։
Վճարման չափը և կարգը
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն անձնագիր տրամադրում կամ փոխանակում է դիմումը մուտքագրվելուց հետո 5-րդ աշխատանքային օրը։ Պատրաստ փաստաթուղթը ստանալու համար անհրաժեշտ է այցելել ՆԳՆ ՄՔԾ այն ստորաբաժանում, որտեղ անձը դիմել է անձնագիր ստանալու համար։
Անձնագիրը առավել սեղմ ժամկետում ստանալու համար սահմանված են հետևյալ արժեքները՝
- 3000+20 000 դրամ՝ փաստաթուղթը 1 աշխատանքային օր հետո ստանալու համար,
- 3000+10 000 դրամ՝ դիմումը հանձնելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը,
Այս դեպքում վճարումը հնարավոր է կատարել միայն ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումում՝ վճարային կամ պոս տերմինալների միջոցով։
Անձնագիրը դիմումատուին հանձնվում է ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականի հետ միասին:
ժամանակավոր պաշտպանությունը տրվում է մեկ տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։
Ժամանակավոր պաշտպանություն ստացած յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստանալու ՀՀ քաղաքացիություն, ինչի համար անհրաժեշտ է այցելել Երևան քաղաքում՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10 հասցե, իսկ մարզերում՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր տարածքային ստորաբաժանումներ։
Պահանջվող փաստաթղթեր
- ծննդյան վկայական (եթե օտարալեզու է՝ սահմանված կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ),
- ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վավեր անձնագիր,
- 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար (գունավոր),
- ամուսնության վկայականը և դրա պատճենը (եթե դիմումատուն փոխել է ազգանունը),
- անձնական տվյալների փոփոխության դեպքում փոփոխությունը հավաստող փաստաթուղթ,
- պետական տուրքի վճարման անդորրագիր:
1-2 ամսվա ընթացքում անձը ստանում է կարճ հաղորդագրություն, որի միջոցով
ծանուցվում է ՀՀ նախագահի հրամանագրով իր քաղաքացիության շնորհման մասին։
ՀՀ կառավարության 2023 թ. հոկտեմբերի 26-ի 1864-Ն որոշում
ՀՀ կառավարության 2024 թ. հոկտեմբերի 17 1649-Ն որոշում
«Քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում: