Կացության կարգավիճակի մերժում և հետագա գործողություններ

Կացության կարգավիճակ ստանալու համար դիմած օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը մերժելու դեպքում կայացվում է կացության կարգավիճակ տալը մերժելու վերաբերյալ որոշում, որը եռօրյա ժամկետում փոստի միջոցով ուղարկվում է օտարերկրացուն կամ նրա կողմից լիազորված անձին (workpermit.am էլեկտրոնային հարթակի միջոցով ստացված դիմումների վերաբերյալ կայացված որոշումն ուղարկվում է առցանց՝ հարթակի միջոցով)։

Կացության կարգավիճակ տալը մերժելու վերաբերյալ որոշման մեջ պարտադիր նշվում է, որ`

  • կացության կարգավիճակ ստանալու համար մեկ տարի հետո օտարերկրացին կրկին կարող է դիմել,
  • օտարերկրացին կարող է բողոքարկել որոշումը և բողոքարկման կարգը,
  •   օտարերկրացին պարտավոր է որոշումը ստանալուց հետո օրենքով սահմանված ժամկետում և կարգով կա՛մ բողոքարկել որոշումը, կա՛մ կամավոր հեռանալ ՀՀ տարածքից։

Կացության կարգավիճակ տալը մերժելու վերաբերյալ որոշման բողոքարկման դեպքում իրականացվում է համապատասխան վարչական կամ դատական վարույթ, որի ընթացքում օտարերկրացին կարող է գտնվել ՀՀ տարածքում և ՀՀ-ից ենթակա չի լինի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտում թույլ տալու համար վարչական պատասխանատվության։

Կացության կարգավիճակ տալը մերժելու վերաբերյալ որոշումը օտարերկրացու կողմից չբողոքարկելու և որոշումը բողոքարկելու ժամկետում ՀՀ տարածքից չհեռանալու պարագայում օտարերկրացին ենթակա է լինելու վարչական պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտում թույլ տալու համար։

Կացության կարգավիճակ տալը մերժելու վերաբերյալ որոշումը օտարերկրացու կողմից չբողոքարկելու և որոշումը բողոքարկելու ժամկետում ՀՀ տարածքից չհեռանալու պարագայում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը օտարերկրացուն ՀՀ տարածքից դատական կարգով արտաքսման վերաբերյալ գործ է հարուցում և ներկայացնում դատարան:

Հղում օրենսդրությանը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում: