Նույնականացման քարտի փոխանակում

Նույնականացման քարտը փոխանակվում է, եթե

  • վավերականության ժամկետը լրացել է,
  • քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք ներառված են նույնականացման քարտում (բացառությամբ բնակչության պետական ռեգիստրում առկա մշտական բնակության վայրի հասցեի),
  •   նույնականացման քարտում առկա են ոչ ճիշտ տվյալներ,
  •  նույնականացման քարտը կորել է,
  • քաղաքացին նման ցանկություն է հայտնել։

Նույնականացման քարտը փոխանակելու համար անհրաժեշտ է անձամբ ներկայանալ ՆԳՆ ՄՔԾ նախընտրելի ստորաբաժանում։

Ծառայությունից հնարավոր է օգտվել նախապես այց ամրագրելով կամ կենդանի հերթի ձևաչափով։

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։
 Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • բացվող էջում մուտքագրել էլ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ փոստին ուղարկված կոդը,
  • բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել նախընտրելի տարածքային ծառայությունը,
  •  անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը,
  • «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։

Ներկայացվող պահանջները

Նույնականացման քարտը փոխանակելու համար անհրաժեշտ է՝

Պահանջվող փաստաթղթերը

Նույնականացման քարտը փոխանակելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  1. դիմում,
  2. փոխանակման ենթակա նույնականացման քարտը,
  3. բժշկական բնույթի համապատասխան փաստաթուղթ` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ նույնականացման քարտում արյան խմբի և ռեզուսի վերաբերյալ տվյալներն առաջին անգամ ամրագրելու դեպքում,

31 սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում` իրավասու մարմնի կողմից տրված փոփոխությունը կամ անճշտությունը հավաստող փաստաթուղթ.

  1. պետական տուրքի վճարման անդորրագիր:

Վճարման չափը և կարգը

Նույնականացման քարտը փոխանակելու համար անհրաժեշտ է վճարել 3,000 ՀՀ դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել բաժանմունքում տեղադրված վճարային կամ պոս տերմինալով կամ նախապես՝ ներկայացնելով վճարման անդորրագիրը։

Նույնականացման քարտը ստանալու համար կարելի է վճարել նաև փոխանցում կատարելով հետևյալ բանկային հաշվեհամարին՝ 900005162178 (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը):

Նախապես վճարելու դեպքում վճարման անդորրագիրը կամ բանկային փոխանցումը հիմնավորող պատկերը (screenshot) անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով, քանի որ այն կցվելու է քաղաքացու փաստաթղթերին (էլեկտրոնային եղանակով ներկայացված անդորրագրերը չեն ընդունվում)։

Տրամադրման ժամկետը

Նույնականացման քարտը փոխանակվելու դեպքում նորը տրամադրվում է դիմումն անձնագրային ծառայությունում հանձնելուն հաջորդող 15-րդ աշխատանքային օրը։

Հնարավոր է նաև նույնականացման քարտը ստանալ ավելի սեղմ ժամկետներում։։ Դրա համար վճարումների չափն ու տրամադրման ժամկետներն են՝

  • 3,000+20,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 1 աշխատանքային օր հետո  ստանալու համար,
  • 3,000+10,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտի դիմումը հանձնելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը,
  •  3,000+5,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտի դիմումը հանձնելուն հաջորդող 5-րդ աշխատանքային օրը։

Կորստյան պարագայում նույնականացման քարտն ավելի սեղմ ժամկետներում ստանալու նպատակով վճարումները կատարվում են հետևյալ չափով՝

  • 3,000+40,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 1 աշխատանքային օր հետո ստանալու համար,
  • 3,000+20,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտի դիմումը հանձնելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը,
  •  3,000+10,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտի դիմումը հանձնելուն հաջորդող 5-րդ աշխատանքային օրը։

Այս դեպքում վճարումը հնարավոր է կատարել միայն անձնագրային ծառայություններում վճարային տերմինալի միջոցով։

Նույնականացման քարտը ստանալու համար անհրաժեշտ է այցելել ՆԳՆ ՄՔԾ այն ստորաբաժանում, որտեղ անձը դիմել է քարտը ձեռք բերելու համար։

Հղում օրենսդրությանը

«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենք

ՀՀ կառավարության՝ 19.01.2017 թվականի N 54-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում