Ստանալ մեծահասակի (16 տարին լրացած) անձնագիր

ՀՀ քաղաքացիները կամավոր կերպով կարող են ստանալ ՀՀ անձնագիր՝ անկախ տարիքից։ Անձնագիրը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու, ինչպես նաև ՀՀ տարածքում օգտագործելու համար։

Երևանում  և որոշ մարզերում անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ նախընտրելի անձնագրային բաժանմունք՝ նախապես այց ամրագրելով։

Ծառայությունից կարող ես օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,

  • բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը,

  • բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գործող բաժանմունքը,

  • անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը,

  • «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։

Ներկայացվող պահանջները

Անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է՝

  • գրանցված լինել Բնակչության պետական ռեգիստրում։

Պահանջվող փաստաթղթերը

16 տարին լրացած քաղաքացու անձնագիր ստանալու  կամ փոխանակելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • նույնականացման քարտ կամ մինչև 16 տարին լրանալն ստացած անձնագիր կամ ծննդյան վկայական,

  • 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար,

  • Առաջին անգամ անձնգրով փաստաթղթավորվելիս պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում՝ դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները,

  • հնարավորության դեպքում՝ նաև փաստաթղթերի լուսապատճենները։

Պահանջվող հավելյալ փաստաթղթեր

16-18 տարեկան քաղաքացիները նույնականացման քարտ կամ անձնագիր չունենալու դեպքում պետք է ներկայացնեն նաև՝

  • իր և ծնողների գրավոր համաձայնությունն անձնագիր ստանալու վերաբերյալ՝ եթե  ծնողներից մեկը հանդիսանում է օտարերկրյա քաղաքացի։

Արական սեռի քաղաքացիները զինապարտ լինելու դեպքում պետք է ներկայացնեն նաև՝

  • զինվորական գրքույկ, կցագրման վկայական կամ զինվորական կոմիսարիատի կողմից տրված համապատասխան տեղեկանք։

Վճարման չափը և կարգը

Անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով կամ նախապես՝ ներկայացնելով վճարման անդորրագիրը։

Վճարման բանկային հաշվեհամարը սահմանված ժամկետում անձնագիրը ստանալու համար՝ 900005162152։

Նախապես վճարելու դեպքում վճարման անդորրագիրն անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով, քանի որ այն կցվելու է քաղաքացու փաստաթղթերին (էլեկտրոնային եղանակով ներկայացված անդորրագրերը չեն ընդունվում)։

Տրամադրման ժամկետը և կարգը

Անձնագիրը տրամադրվում է 5 աշխատանքային օր հետո։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել այն անձնագրային բաժանմունք, որտեղ անձը դիմել է անձնագիր ձեռք բերելու համար։

Հնարավոր է նաև անձնագիրն ավելի շուտ ստանալ։

Անձնագիրն ավելի շուտ ստանալու նպատակով վճարումների չափն ու տրամադրման ժամկետներն են՝ 

  • 1,000+10,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 3 աշխատանքային օր հետո ստանալու համար,

  • 1,000+20,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 1 աշխատանքային օր հետո ստանալու համար։

Այս դեպքում վճարումը հնարավոր է կատարել միայն անձնագրային բաժանմունքում՝ վճարային տերմինալի միջոցով։

Հղում օրենսդրությանը

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ո՞վ կարող է դիմել

ՀՀ քաղաքացիները

Դիմելու տևողությունը

15 րոպե

Ծառայության արժեքը

1,000 դրամ

Տրամադրման տևողությունը

5 աշխատանքային օր հետո