Ստանալ մշտական կացության կարգավիճակ

Հայաստանում մշտական կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմել Թաիրովի 14 հասցեում գտնվող Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում՝ նախապես այց ամրագրելով։

Մշտական կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնելուց հետո օտարերկրացին ստանում է կացությունը հիմնավորող փաստաթուղթ՝ մշտական կացության քարտ, որը տրամադրվում է 5 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ։

Ծառայությունից հնարավոր է օգտվել անձամբ՝ նախապես այց ամրագրելով։

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ում համար դիմելու են կացության կարգավիճակ ստանալու համար։ Յուրաքանչյուր այցելուի համար, անկախ տարիքից, անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  •  մուտք գործել migration.e-gov.am հարթակ, ընտրել «Կացության կարգավիճակի դիմումի ներկայացում» բաժինը և ամրագրել այց,
  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  •  բացվող էջի «Այցելության վայր» դաշտում ընտրել Թաիրով 14 հասցեում գործող ստորաբաժանում,
  •  «Լրացուցիչ այցելուներ» դաշտում լրացնել ուղեկցող անձանց տվյալները (օրինակ՝ երեխայի ծնողներ),
  • «Այցելության օր և ժամ» բաժնում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը և ամրագրել այցը։

Ներկայացվող պահանջները

ՀՀ-ում մշտական կացության կարգավիճակ ստանալու համար օտարերկրացին պետք է հիմնավորի, որ`

  • ունի ՀՀ-ում ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսին կամ մերձավոր ազգական (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ), ՀՀ-ում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով և մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմելը առնվազն երեք տարի բնակվել է ՀՀ-ում,
  •  ազգությամբ հայ է,
  •  ՀՀ-ում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն։

Պահանջվող փաստաթղթերը

Մշտական կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  •  դիմում-հարցաթերթիկ (լրացվում է տեղում),
  •  35 x 45 մմ չափսի երեք գունավոր լուսանկար,
  • անձնագիրը, անձնագրի պատճենը և անձնագրի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,
  •  ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր,
  • ծննդյան վկայական, ծնողների անձնագրերի պատճենները և ծնողների ամուսնության վկայականի պատճենները,
  • առողջական վիճակի մասին տեղեկանք,
  • պետական տուրքի վճարման անդորրագիր:

Վճարման չափը և կարգը

Մշտական կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է վճարել 140 000 դրամ։
Վճարումը հնարավոր է կատարել տեղում՝ պոս տերմինալի միջոցով, առցանց եղանակով, ցանկացած բանկում՝ 900005162111100 հաշվեհամարին փոխանցում կատարելով, ինչպես նաև բանկային հավելվածի միջոցով (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա անհրաժեշտ է ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։


Մշտական կացության կարգավիճակը անվճար տրամադրվում է հետևյալ անձանց՝

  •  անչափահասներին (մինչև 18 տարեկան անձանց),
  • ՀՀ քաղաքացու մերձավոր ազգականներին (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր),
  • Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրացի ուսանողներին, դասավանդող մանկավարժներին և դասախոսներին,
  • ՀՀ-ին մարդասիրական կամ տեխնիկական օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ ժամանող անձանց,
  • ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի և Կառավարության կողմից աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետների և նրանց ընտանիքի անդամներին,
  •  դիվանագիտական անձնագրերով ՀՀ մուտք գործող անձանց, ինչպես նաև ՀՀ-ում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին,
  •  ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի, Մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձանց և պատվիրակությունների անդամներին,
  • ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող  արտակարգ իրավիճակ,
  • փախստականի կարգավիճակ ստացած անձի` ՀՀ ժամանող մերձավոր ազգականներին։

Տրամադրման ժամկետը և կարգը

Կացության քարտը տրամադրվում է դիմելուց հետո 30 օրվա ընթացքում։ «Վարչարարության հիմքունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով այն կարող է երկարաձգվել ևս 30 օր։ Կացության քարտը ստանալու համար անհրաժեշտ է այցելել Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ (երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09.00-18.00, ընդմիջում՝ 14.00-15.00)։

Ուշադրություն

Կացության կարգավիճակի վարույթը երկարաձգելու վերաբերյալ որոշումը կամ կացության կարգավիճակ ստանալու դիմումի մերժման վերաբերյալ որոշումը փոստային առաքման միջոցով ուղարկվում է դիմողին։

Հղում օրենսդրությանը

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք,

Կառավարության 08022008 թ 134-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում:

Ո՞վ կարող է դիմել

Օտարերկրյա քաղաքացիներ

Դիմելու տևողությունը

20 րոպե

Ծառայության արժեքը

140,000 դրամ

Տրամադրման տևողությունը

30 օր