16 տարեկանից բարձր քաղաքացու անձնագրավորում

ՀՀ քաղաքացիները ՀՀ անձնագիր ստանում են կամավոր՝ անկախ տարիքից։ Անձնագիրը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու, ինչպես նաև ՀՀ տարածքում օգտագործելու համար։

Երևանում և որոշ մարզերում ներդրված է էլեկտրոնային հերթագրման համակարգ, ուստի անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար անհրաժեշտ է ներկայանալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նախընտրելի ստորաբաժանում՝ նախապես այց ամրագրելով։ 

16 տարին լրացած քաղաքացին անձնագիր ստանալու համար դիմում ներկայացնում է անձամբ։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ինչպես նախապես այց ամրագրելով, այնպես էլ «կենդանի հերթ» ձևաչափով։

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է սպասարկման: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  •  նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ այնպես, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  •  բացվող էջում մուտքագրել էլ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ փոստին ուղարկված կոդը,
  • բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել ՆԳՆ ՄՔԾ այն ստորաբաժանումը, որտեղ անձը ցանկանում է սպասարկվել (անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ով ներկայացնելու է դիմումը),
  •  «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։

Ներկայացվող պահանջները

Անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է՝

  • գրանցված լինել Բնակչության պետական ռեգիստրում։

Պահանջվող փաստաթղթերը

  • 16 տարին լրացած քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
  •  նույնականացման քարտ կամ մինչև 16 տարին լրանալը ստացած անձնագիր կամ ծննդյան վկայական,
  • 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար,
  • առաջին անգամ անձնագրով փաստաթղթավորվելիս անհրաժեշտ է ներկայացնել նաև ծնողների ամուսնության (կա՛մ մահվան, հայրության ճանաչման վկայականները, կա՛մ միայնակ մայր լինելու վերաբերյալ տեղեկանք, կա՛մ անհայտ բացակայող, կա՛մ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը), ծնողների անձը հաստատող փաստաթղթերը /կամ դրանց պատճենները/։ Պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում՝ դրանց օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները։

Արական սեռի քաղաքացիների զինապարտ լինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև՝

  • զինվորական գրքույկ, կցագրման վկայական կամ զինվորական կոմիսարիատի կողմից տրված համապատասխան տեղեկանք։

Վճարման չափը և կարգը

Անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։

Վճարումը հնարավոր է կատարել ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումում տեղադրված վճարային տերմինալով, պոս տերմինալներով կամ նախապես՝ գումարը փոխանցելով 900005162152 բանկային հաշվեհամարին և ներկայացնելով վճարման անդորրագիրը։

Նախապես վճարելու դեպքում վճարման անդորրագիրն անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով, քանի որ այն կցվելու է քաղաքացու փաստաթղթերին։

Տրամադրման ժամկետը և կարգը

Հանձնագիրը տրամադրվում է դիմելուն հաջորդող 5-րդ աշխատանքային օրը։ Տպագրված փաստաթուղթը ստանալու համար անհրաժեշտ է այցելել ՆԳՆ ՄՔԾ այն ստորաբաժանում, որտեղ ներկայացվել է դիմումը։

Կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիրը տրամադրվում է դիմումը հանձնելուն հաջորդող 10-րդ աշխատանքային օրը։

ՀՀ անձնագիրը առավել սեղմ ժամկետում ստանալու համար սահմանված են հետևյալ արժեքները՝

  •  1,000+10,000 ՀՀ դրամ՝ դիմումը ներկայացնելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը անձնագիրը ստանալու համար,
  •  1,000+20,000 ՀՀ դրամ՝ դիմումը ներկայացնելուց 1 աշխատանքային օր հետո անձնագիրը ստանալու համար։

Կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիրն առավել սեղմ ժամկետում ստանալու համար սահմանված են հետևյալ արժեքները՝

  • 1,000+40,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը դիմելուն հաջորդող 5-րդ աշխատանքային օրը ստանալու համար,
  • 1,000+50,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը դիմելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար,
  • 1,000+60,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար։

Այս դեպքում վճարումը հնարավոր է կատարել միայն ՆԳՆ ՄՔԾ բաժիններում՝ վճարային տերմինալի կամ պոս տերմինալների միջոցով։

 

Հղում օրենսդրությանը

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում