ԼրատուՊաշտոնական

ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին

03 սեպտեմբերի 2024 • 15:01

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցման է  ներկայացրել «Ընտրական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է հրաժարվել ընտրությունների ժամանակ թղթային ծանուցումներից և անհրաժեշտ տեղեկատվությունը տեղադրել ԿԸՀ և ՆԳՆ պաշտոնական կայքերում։ Նախագծով կանոնակարգվում են ընտրական ցուցակների հրապարակման հետ կապված հարաբերությունները. մասնավորապես՝ առաջարկվում է հերթական ընտրություններից՝ 40 օր առաջ, արտահերթ ընտրություններից՝  20 օր առաջ հրապարակել ընտրողների նախնական ցուցակները, իսկ 7 օր  առաջ հրապարակել վերջնական հաստատված ցուցակները: 

Ըստ նախագծի՝ ԿԸՀ և ՆԳՆ կայքէջերում կտեղադրվեն տեղեկություններ, որոնցում կներկայացվեն ընտրական ցուցակները՝  ընտրողի անվան, ազգանվան, հայրանվան, ծննդյան օրվա, ամսի, տարեթվի, հաշվառման հասցեի, քվերկության օրվա, ժամանակի, ընտրական տեղամասի համարի և տեղամասային կենտրոնի հասցեի մասին տեղեկատվությամբ։ 

Նախկինում գործընթացը կարգավորվում էր լիազոր մարմնի ընդունած ենթաօրենդրական ակտով։ Արմեն Ղազարյանը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում առաջարկել է կարգավորումն ամրագրել օրենքում  և ընդունել երկրորդ ընթերցմամբ։ 

Նախագիծը հանձնաժողովի կողմից ստացել է դրական եզրակացություն:
Նիստի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը հայտնել է, որ օգոստոսի 30-ի դրությամբ ստացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 4300-ից ավելի անձանց քաղաքացիության դիմումներ. շուրջ 3000-ին ՀՀ նախագահի հրամանագրերով շնորհվել է ՀՀ  քաղաքացիություն, իսկ անչափահասների ՀՀ քաղաքացիության ստացման հետագա գործընթացը պայմանավորված է ծնողների անձնագրի փոփոխությամբ։