Լրատու

Հաղորդակցության հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ ՄՔԾ աշխատակիցների համար

11 դեկտեմբերի 2025 • 08:27

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նոր կենսաչափական համակարգ ներդնելու համատեքստում կարևորում է ծառայությունների մատուցման գիտելիքահեն և քաղաքացիակենտրոն մեխանիզմների կիրառումը։

Այդ համատեքստում Ծառայության սպասարկող անձնակազմը  մասնակցում է հաղորդակցության հմտությունների զարգացման և հանրային ծառայությունների մատուցման բարձր ստանդարտներին նվիրված դասընթացների։

Դասընթացի շրջանակում մասնակիցներն ուսումնասիրում են հանրային ծառայողի հոգեբանությունը, վեր հանում խոցելի թիրախային խմբերի սպասարկման առանձնահատկությունները և այլն։ Առանձին թեմա նվիրված է տեղահանված անձանց սպասարկելու հմտություններին և հաղորդակցության կանոններին։ 

Մասնակիցները համեմատում են հաղորդակցության ոլորտի մարտահրավերները տեղահանությանն անմիջապես հաջորդող ժամանակահատվածում և ներկայումս՝ վերլուծելով խորհրդատվական բնույթի ծառայությունների բովանդակությունը, հաճախ տրվող հարցերն ու դրանց փոփոխությունները։ 

Վերապատրաստումների շրջանակում քննարկվում են կոնֆլիկտների կառավարմանը, սթրեսի հաղթահարմանը, սպասարկողի արտաքին տեսքին վերաբերող հարցեր, վերլուծվում են սպասարկողի տեսողական ազդեցությունը սպասարկման որակի, քաղաքացու ընկալումների և ակնկալիքների ձևավորման վրա։ 

Վերապատրաստման նախաձեռնությունն իրականացվում է «Հայաստանում տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում՝ Եվրոպայի Խորհրդի ֆինանսավորմամբ և «Գրանթ Թորոնթոն» աուդիտորական և խորհրդատվական միջազգային ընկերության կողմից։