ՊաշտոնականՄիջազգային համագործակցություն

Հայաստանի մասնակցությունը միգրացիայի կառավարման թեմայով բարձրաստիճան միջազգային քննարկումներին

09 հոկտեմբերի 2025 • 11:01

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը և փորձագետ Օֆելյա Հարությունյանը հոկտեմբերի 7-8-ը մասնակցել են Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կազմակերպված Ավագ պաշտոնյաների հանդիպմանը։

Հանդիպման նպատակն էր գնահատել Պրահյան գործընթացի անդամ պետությունների միգրացիայի և ապաստանի քաղաքականության հիմնական զարգացումները, քննարկել 2023-2027 թվականների գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև նախանշել հետագա քայլերը՝ արդյունավետ և մարդակենտրոն միգրացիոն կառավարման համակարգերի կառուցման ուղղությամբ։

Անդրադառնալով հայաստանյան միգրացիոն գործընթացներին և միտումներին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ներկայացրել է վիզաների ազատականացման երկխոսության համատեքստին, սպասվող գործողությունների ծրագրին, ինչպես նաև իմիգրացիոն հոսքերի կառավարման մարտահրավերին։ Նշվել է մշակման փուլում գտնվող միգրացիայի և քաղաքացիության ռազմավարության հայեցակարգի մասին, ինչպես նաև ներկայացվել են Հայաստանում թվայնացվող միգրացիոն գործընթացները և հանրային ծառայությունները։ Ծառայության պետը ներկայացրել է նաև նոր կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները։

Քննարկումների ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց երկրների փորձը, իրականացվող բարեփոխումները և համագործակցության ձևաչափերը՝ առանձնացնելով մի շարք առանցքային թեմաներ՝

տարածաշրջանային միգրացիայի մարտահրավերներ և քաղաքական արձագանքներ,
հարկադիր տեղահանություն՝ ծագման երկրների տեսանկյունից,
միգրացիայի և ապաստանի քաղաքականության ներկա վիճակն ու հեռանկարները։

Քննարկման մասնակիցներն ընդգծել են միջազգային և տարածաշրջանային համագործակցության կարևորությունը՝ միգրացիոն գործընթացներում առաջացող ընդհանուր խնդիրների համատեղ վերհանման և դրանց լուծման արդյունավետ մեխանիզմների մշակման տեսանկյունից։

Մասնակիցները անդրադարձել են նաև գործառնական համագործակցության ամրապնդման, ինչպես նաև Պրահայի գործընթացի 2023-2027 թթ-ի գործողությունների ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված նվաճումներին, մարտահրավերներին և ապագա նպատակներին։
Առանձին ուշադրություն է դարձվել միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարմանը, սահմանների կառավարման համակարգերի կատարելագործմանը, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման կարողությունների զարգացմանը, որոնք կարևոր են կայուն, կանխատեսելի և անվտանգ միգրացիոն միջավայրի ձևավորման համար։