Լրատու

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները վերապատրաստվում են. Զանգերի կենտրոնը նոր որակի ծառայություններ կմատուցի

03 մարտի 2025 • 11:07
Փետրվարի 27-ին և 28-ին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Զանգերի կենտրոնի աշխատակիցների համար կազմակերպվել էր վերապատրաստման դասընթաց։
Վերապատրաստման ուղղություններն էին` գիտելիքի ձեռքբերում և հաղորդակցության հմտությունների զարգացում։
 
Նախկին թեժ գծին փոխարինել է ծառայությունների մատուցման նոր որակ ապահովող զանգերի կենտրոնը։
 
Եվրոպայի խորհրդի աջակցությամբ նախորդ տարվա դեկտեմբերին ներդրվել էր Զանգերի կենտրոնի ժամանակակից ծրագիր, որը թույլ է տալիս իրականացնել զանգի սպասարկման ամբողջական գործընթաց, ապահովել առավելագույն զանգերի սպասարկում, ինչպես նաև ելքային զանգերի ծրագրային ավտոմատացված հնարավորություն։ Տրամադրվում է որակի կառավարման դյուրին և ճկուն գործիքակազմ, օպերատորին հուշելու հնարավորություն, զանգերի ձայնագրման, պահպանման, նաև` քաղաքացու կողմից սպասարկման գնահատման հնարավորություն։
 
«Զանգերի կենտրոնը ներդրվել է 2024 թվականի տարեվերջին, իսկ դրանից առաջ երկար տարիների փորձառություն է կուտակվել «Թեժ գիծ» ձևաչափով զանգ սպասարկելու։ Այժմ մենք կարողանում ենք գնահատել մեր պահանջարկը, որովհետև այս ծրագրային ապահովումը հնարավորություն է տալիս, որպեսզի կարողանանք վերահսկել ստացվող զանգերի ծավալները»,-ընդգծել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
 
Զանգերի կենտրոնը տրամադրելու է ոչ միայն տեղեկատվություն, այլև խորհրդատվություն` ՀՀ քաղաքացիության ստացման, օտարերկրացիներին տրամադրվող կացության կարգավիճակների, ապաստանի հայցման և մի շարք այլ հարցերով։
 
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հավաստիացնում է՝ տարվա ընթացքում շարունակաբար զանգերի կենտրոնի որակը կբարձրացվի։ Զանգերի կենտրոնը ՄՔԾ տիրույթում մատուցվող ծառայությունների մասով պետք է դառնա ամենահավաստի սկզբնաղբյուրը, և ծառայություններն էլ տեղեկատվության տրամադրման իմաստով հասանելի են լինելու ոչ միայն մեր քաղաքացիներին, այլև օտարերկրացիների և իրավական այլ կարգավիճակ ունեցող շահառուներին։
 
Վերապատրաստման իրականացմանն աջակցում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից իրականացվող «Միգրացիոն համակարգի հզորացումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը։ Այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով։