Նելլի Դավթյանի այցը Ամստերդամ․ հանդիպում Idemia Smart Identity ընկերության գլխավոր տնօրեն Անտուան Գրենիեի հետ
23 հունիսի 2025 • 08:12
ՆԳՆ ՄՔԾ պետ Նելլի Դավթյանը Ամստերդամում հանդիպել է Idemia Smart Identity ընկերության գլխավոր տնօրեն Անտուան Գրենիեին (կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) մրցույթը հաղթած կոնսորցիումի առաջատար անդամ):
Կողմերը քննարկել են Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքների ընթացքը, ծրագրի տարբեր բաղադրիչները, վերահաստատել են համատեղ հանձնառությունը ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ։
Մասնավորապես՝ կրկին քննարկել են նոր կենսաչափական փաստաթղթերի թողարկման հնարավոր ամենասեղմ ժամկետները, ծառայությունների մատուցման ժամանակացույցը:
Նելլի Դավթյանը ընդգծել է, որ ՄՔ ծառայությունը վերանայում է ոլորտը կարգավորող ողջ իրավական դաշտը, այդ թվում՝ գույքագրելով տարիների ընթացքում չլուծված խնդիրները:
Կարևոր նպատակներից է անձը հաստատող փաստաթղթերին առնչվող կարգավորումները միջազգային, մասնավորապես՝ եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելը: Այս համատեքստում մի քանի տասնյակ օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր ենթակա են փոփոխությունների:
Անտուան Գրենիեն բարձր է գնահատել ինչպես մինչև մրցույթի ամփոփումն իրականացված աշխատանքը հայկական կողմից, այնպես էլ արդեն բազմաբաղադրիչ աշխատանքային խմբերի ձևաչափով իրականացվող ամենօրյա ինտենսիվ գործակցությունը: Նա ներկայացրել է ընկերության առաջիկա ծրագրերը, որոնք առնչակցություն ունեն համատեղ ՊՄԳ ծրագրին, ինչպես նաև խոսել Հայաստանում հիմնադրված «Հայփաս» ընկերության աշխատակազմի առջև դրված խնդիրների մասին:
Նելլի Դավթյանը և Ծառայության պետի օգնական Թամարա Նազարյանը այցելել են ընկերության՝ Հարլեմ քաղաքում տեղակայված արտադրամաս, ծանոթացել անձը հաստատող փաստաթղթերի դիզայնի մշակման, հաստատման և արտադրման գործընթացներին:
Ընկերության արտադրական գործընթացի պատասխանատուները ներկայացրել են բոլոր միկրո պրոցեսները` գաղափարների գեներացումից, պատվիրատուի հետ աշխատանքից մինչև փորձանմուշների տպագրություն և հաստատում։
Հյուրընկալող կողմը ներկայացրել է նաև բլանկների անհատականացման գործընթացը, ցուցադրվել են մեքենաներն ու տեխնոլոգիաները։