ՊաշտոնականՄիջազգային համագործակցություն

Քննարկվել են միգրացիոն բարեփոխումները և ապաստանի գործընթացները

17 նոյեմբերի 2025 • 14:48

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին, ՄԱԿ ՓԳՀ իրավաբանական բաժնի ղեկավար Աննա Կոպցյուխին և իրավական հարցերով պատասխանատու Մարինե Անտոնյանին։

Հանդիպման ընթացքում ծառայության պետը ներկայացրել է միգրացիոն ոլորտում ընթացող բարեփոխումները, իրականացվող ծրագրերը, իմիգրացիոն հոսքերի ավելի արդյունավետ կառավարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, մանսավորապես  ապաստանի և քաղաքացիություն չունեցող անձանց ուղղված գործընթացները։

Մոնիկա Սանդրին ներկայացրել է ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, ապաստան հայցողների և փախստականների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ իրականացվող աջակցությունը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Այցի ընթացքում Մոնիկա Սանդրին, Նելլի Դավթյանի ուղեկցությամբ, շրջել է Ծառայության գլխամասային գրասենյակում, այցելել քաղաքացիների սպասարկման սրահներ, ծանոթացել անձնագրերի և նույնականացման քարտերի տպագրման փուլերին, ինչպես նաև այցելել ապաստանի հայցերի քննման ստորաբաժանում, ծանոթացել հարցազրույցի վարման պայմաններին, աշխատակիցների հետ քննարկել ընթացակարգերին վերաբերող հարցեր։