ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պատվիրակությունը Շվեդիայի Թագավորությունում ծանոթացել է թվային ծառայությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի զարգացման, ներդրման և կառավարման փորձին
02 հոկտեմբեր 2026 • 07:31
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի գլխավորած պատվիրակությունը «Միգրացիայի կառավարման և ինտեգրման ամրապնդում․ Շվեդիա-Հայաստան երկկողմ նախաձեռնություն» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Շվեդիայի Թագավորությունում էր։
Այցի հիմնական նպատակը Շվեդիայի Միգրացիոն գործակալության կողմից իրականացվող թվային ծառայությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի զարգացման, ներդրման և կառավարման փորձին ծանոթանալն ու այդ գործընթացներն ապահովող մեխանիզմներն ուսումնասիրելն էր։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը և Շվեդիայի Միգրացիոն գործակալության գլխավոր տնօրեն Մարիա Մինդհամարը նախանշելով «Միգրացիայի կառավարման և ինտեգրման ամրապնդում․ Շվեդիա-Հայաստան երկկողմ նախաձեռնություն» ծրագրի առաջիկա չորս տարիների համագործակցության հիմնական ուղղությունները՝ միջոցառման մասնակիցներին մաղթել են արդյունավետ աշխատանք։
Այցի ընթացքում քննարկվել են՝
- թվային ծառայությունների և ՏՏ համակարգերի կայուն զարգացման և կառավարման հարցեր,
- միգրացիոն կառավարման ոլորտում անձնական տվյալների պաշտպանության և գաղտնիության ապահովման մեխանիզմները,
- ՏՏ աջակցության և ծառայությունների կառավարման արդյունավետ կազմակերպման փորձը,
- փաստաթղթերի ստուգման և վավերականության ապահովման գործընթացները,
- արխիվային և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կառավարման համակարգերը,
- ԵՄ միգրացիայի և ապաստանի նոր քաղաքականություններին առնչվող հարցեր։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը հանդիպում է ունեցել նաև Շվեդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանի հետ։
Քննարկվել են նոր կենսաչափական համակարգի ներդրման համատեքստում դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում ծառայությունների կազմակերպման գործընթացներին վերաբերող հարցեր։