Հանրային քննարկման են ներկայացվել քաղաքացիության ինստիտուտի վերարժևորմանն ուղղված օրենքների նախագծեր
09 սեպտեմբեր 2026 • 14:00
Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծեր։
Առաջարկվող կարգավորումներով վերարժևորվում է քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգը՝ հիմքում ունենալով պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր տրամաբանություն։
Մասնավորապես առաջարկվում է․
✅վերանայել քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ օրինական բնակության ժամկետները․
– օտարերկրացիների համար նախատեսվում է սահմանել 5 տարի՝ գործող 3 տարվա փոխարեն,
– ՀՀ քաղաքացի մերձավոր ազգական ունեցող անձանց, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց համար՝ 3 տարի,
– ազգությամբ հայերի համար՝ 2 տարի օրինական բնակության ժամկետ։
✔️Քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ կլինի օրինական բնակության ընթացքում Հայաստանում գտնվել տարեկան առնվազն 183 օր։ Այս փոփոխությամբ քաղաքացիության տրամադրումը կկապվի ոչ միայն օրինական բնակության կարգավիճակի, այլև Հայաստանի Հանրապետությունում անձի իրական ներկայության հետ։
✅Կատարելագործել ազգությամբ հայ լինելու հանգամանքի ստուգման մեխանիզմները՝ այդ նպատակով ստեղծելով մասնագիտացված հանձնաժողով։
✅Հստակեցնել քաղաքացիություն ստանալու գործընթացում ներկայացվող տվյալների և փաստաթղթերի ստուգման ընթացակարգերը։
✅Քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ նախագահի հրամանագրի ուժի մեջ մտնելը պայմանավորել երդման տեքստի ստորագրմամբ՝ նախատեսելով նաև երդման արարողության անցկացում ՀՀ տարածքում՝ մեկ տարվա ընթացքում։
✅Փոփոխություններ են նախատեսվում նաև քաղաքացիության վերականգնման կարգում․
– քաղաքացիությունը դադարեցրած անձը այն վերականգնելու համար կարող է դիմել դադարեցման հրամանագիրն ուժի մեջ մտնելուց առնվազն 5 տարի անց՝ պայմանով, որ դիմելու պահին ՀՀ-ում ունի առնվազն 3 տարվա օրինական բնակություն։
✅ Նախատեսվում է վերանայել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքերի չափերը։
Առաջարկվող փոփոխությունների արդյունքում նախատեսվում է ամրապնդել քաղաքացիության կոնցեպտը՝ որպես ժամանակակից պետության հիմնարար ինստիտուտ, հստակեցնել քաղաքացիության տրամադրման և վերականգնման գործընթացները, նվազեցնել հնարավոր չարաշահումների ռիսկերը և ամրապնդել ՀՀ քաղաքացիության ու անձնագրային համակարգի նկատմամբ միջազգային վստահությունը։