ՊաշտոնականՄիջազգային համագործակցություն

ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունն այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ

դեկտեմբերի 30, 2025
2025թ. դեկտեմբերի 22-ից 24-ը ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի գլխավորած միջգերատեսչական պատվիրակությունն այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ ուսումնասիրելու հանրային ծառայությունների թվայնացման փորձը և սահմանների կառավարման E-Gate համակարգի ներդրման հնարավորությունները:
 
Վերջինը առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի սահմանների համալիր կառավարման ուղղության իրականացման տեսանկյունից:
 
Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԱՄԷ ինքնության, քաղաքացիության մաքսային և նավահանգստային անվտանգության դաշնային մարմնում:
Տեղի է ունեցել այց Աբու Դաբիի Շեյխ Զայեդի միջազգային օդանավակայան՝ տեղում ծանոթանալու սահմանապահ ծառայության աշխատանքների կազմակերպմանը, E-Gate համակարգերի ֆունկցիոնալ հնարավորություններին և թողունակությանը:
 
Էմիրաթական կողմը ներկայացրել է համակարգի ներդրման՝ իրենց անցած ճանապարհը, ծրագրային ապահովման զարգացման փուլերը։
 
ՄՔԾ պետն այցելել է նաև օդանավակայանում տեղակայված անձնագրային գրասենյակ, ծանոթացել տեղում իրականացվող աշխատանքներին և մատուցվող ծառայություններին։
 
Պատվիրակությունն այցելել է նաև ԱՄԷ կիբեռանվտանգության կենտրոն, ծանոթացել տարբեր տվյալների շտեմարանների փոխգործելիության, տվյալների հավաքագրման ու մշակման առաջադեմ պրակտիկաներին։
 
Այցի շրջանակում պատվիրակությունը հյուրընկալվել է նաև ԱՄԷ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական դեպարտամենտում, որտեղ նրանց ներկայացվել է փաստաթղթերի էլեկտրոնային վավերացման ոլորտում էմիրաթական առաջավոր փորձը, քաղաքացիներին և իրավաբանական անձանց մատուցվող թվային ծառայությունները, մասնավորապես՝ փաստաթղթերի վավերացման eDAS 2.0 էլեկտրոնային համակարգը։