Իրազեկում
Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը
փետրվարի 26, 2026
Աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխությամբ՝ աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թ. հուլիսի 1։
Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը թվային համակարգով պայմանագրերի կնքումը կրելու է կամավոր բնույթ, իսկ համակարգով կնքված պայմանագրերը, համաձայնագրերն ու ընդունված հրամաններն ունենալու են իրավական ուժ։
Սահմանվել է նաև անցումային կարգավորում, որով ժամկետի երկարաձգման փոփոխությունները տարածվելու են նաև 2026 թ․ հունվարի 1-ից հետո ծագած աշխատանքային հարաբերությունների վրա, գործող աշխատանքային պայմանագրերը մինչև 2026 թ․ դեկտեմբերի 31-ը պարտադիր թվային համակարգ մուտքագրած լինելու ժամկետը ևս երկարաձգվել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Հարգելի՛ քաղաքացիներ,
- աշխատանքային պայմանագրերի կարգավորման հետաձգումը բավարար ժամանակ է ապահովում նույնականացման քարտ ձեռք բերելու համար, որի միջոցով հնարավոր է ակտիվացնել էլեկտրոնային ստորագրություն և աշխատանքային պայմանագիրը թվայնացնել պատշաճ ժամկետներում։
Հիշեցնում ենք նաև՝ - բոլոր տեսակի վավեր նույնականացման քարտերով հնարավոր է ձեռք բերել mID՝ բջջային էլեկտրոնային ստորագրություն, ներառյալ այն դեպքերում, երբ քարտը էլեկտրոնային կրիչով է (չիպով), և Դուք մոռացել եք PIN/PUK կոդերը։
- եթե նախկին 10 տարիների ընթացքում դիմել եք նույնականացման քարտ ստանալու համար և չեք մոտեցել գրասենյակ՝ այն վերցնելու, ապա քարտը տպագրված է և ենթակա է օգտագործման մինչև վավերականության ավարտը. կարող եք մոտենալ և ստանալ Ձեր քարտը։
- եթե արդեն իսկ սպասարկվել եք կամ չեք ծրագրում մոտենալ ամրագրած օրը, ապա խնդրում ենք չեղարկել Ձեր հերթագրումը նույնականացման քարտ ստանալու համար։ Ձեր չեղարկումները նոր պատուհաններ կազատեն այլ անձանց համար։