ՄՔԾ պետ Նելլի Դավթյանը՝ Արևելյան գործընկերության տարեկան վերլուծական ակնարկին նվիրված քննարկմանը
մարտի 03, 2026
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը և Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի՝ արտաքին կապերի գծով օգնական Ալեքսանդր Խաչատրյանը փետրվարի 25-26-ին Վարշավայում մասնակցել են Եվրոպական միության սահմանային և առափնյա պահպանության գործակալության (FRONTEX) Արևելյան գործընկերության տարեկան վերլուծական ակնարկին նվիրված քննարկմանը։
Քննարկմանը մասնակցում էին նաև Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Լատվիայի պատվիրակությունները։
Քննարկման թեմաներն էին Եվրոպական միության արևելյան սահմանների իրավիճակի վերլուծությունը, այդ թվում՝ ապօրինի սահմանահատումների, դրանց համեմատական ռիսկերի միտումները, միգրացիոն հոսքերի դինամիկան, մարտահրավերներին արձագանքելու ձևերն ու գործիքակազմերը, անվտանգային խնդիրներն ու սահմանների պաշտպանության ձևերը, սահմանային ռեժիմի խախտումները, ինչպես նաև սահմաններում թմրամիջոցների, ապօրինի զենք-զինամթերքի, ծխախոտային արտադրանքի, մարդկանց թրաֆիքինգի հայտնաբերման դեպքերը և հիբրիդային սպառնալիքները։
Հայկական կողմը ներկայացրեց միգրացիոն պատկերը, վերջին տարիների միտումներն ու 2025-ի ցուցանիշները միգրացիոն գործընթացների համատեքստում, անդրադարձավ սահմանների կառավարման շրջանակում քննարկվող փոփոխություններին։