Իրազեկում

Կենսաչափական անձնագրի էլեկտրոնային չիպը և դրա պարունակությունը․ ինչպե՞ս է աշխատում

18 նոյեմբեր 2026 • 10:35

Հարգելի՛ քաղաքացիներ,

շարունակում ենք մեր իրազեկման շարքը՝ ներկայացնելով կենսաչափական տվյալներին և նոր կենսաչափական անձնագրերին վերաբերող հետաքրքիր տեղեկություններ։

Այսպիսով, կենսաչափական անձնագրի կազմում տեղադրված է էլեկտրոնային չիպ, որտեղ պահպանվում են անձնագրի տվյալների էջում ներկայացված տեղեկությունները՝ անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ինչպես նաև անձի դեմքի թվային պատկերը։

Չիպի տվյալներն ընթերցվում են անշփում եղանակով՝ համապատասխան սարքի միջոցով։
Այս տեխնոլոգիան ապահովում է անձնագրում ներառված տվյալների էլեկտրոնային ընթերցումն ու ստուգումը։

Չիպի տվյալներին հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է նախապես ընթերցել անձնագրի տվյալների էջի ստորին հատվածում նշված մեքենայաընթեռնելի տողերը։

Այսինքն՝ անձնագիրը, պարզապես հեռվից մոտենալով, հնարավոր չէ ընթերցել։

Հետևե՛ք մեր հրապարակումներին և բացահայտե՛ք կենսաչափական համակարգի մասին ավելին։