Ինչպե՞ս ճիշտ լուսանկարվել․ ժպիտի ազդեցությունը կենսաչափական լուսանկարի վրա
16 նոյեմբեր 2026 • 06:34
Հարգելի՛ քաղաքացիներ,
շարունակում ենք մեր իրազեկման շարքը, որի շրջանակում ներկայացնում ենք կենսաչափական տվյալներին և նոր կենսաչափական անձնագրերին վերաբերող հետաքրքիր տեղեկություններ։
Այսպիսով, ներկայացնենք, թե ինչու անձնագրի և նույնականացման քարտի համար լուսանկարվելիս չի կարելի ժպտալ։
Պատճառն այն է, որ կենսաչափական համակարգը դեմքի նույնականացման համար հաշվի է առնում դեմքի հիմնական կետերի և դրանց միջև եղած հեռավորությունների առանձնահատկությունները։
Երբ ժպտում ենք, փոխվում են դեմքի որոշ հատվածների դիրքերն ու համամասնությունները․ բարձրանում են այտերը, լայնանում է բերանը, փոքր-ինչ նեղանում են աչքերը։
Իսկ չեզոք դեմքի արտահայտությունը հնարավորություն է տալիս ապահովել դեմքի առավել ճշգրիտ նույնականացում։
Ուստի լուսանկարվելիս հիշե՛ք՝ չեզոք դեմք, փակ բերան և ուղիղ հայացք։ Իսկ ժպտալը կարող եք թողնել լուսանկարվելուց հետո։
Հետևե՛ք մեր հրապարակումներին՝ կենսաչափական համակարգի մասին ավելին իմանալու համար։