Միջազգային համագործակցությունՊաշտոնական

Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը․ ՄՔԾ պետը մասնակցել է Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսին և համաժողովին

18 հունիսի 2026 • 06:20

Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հունիսի 9-10-ը մասնակցել է Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսին և համաժողովին։ Միջոցառման գլխավոր հովանավորներից է IN Groupe ֆրանսիական ընկերությունը՝ Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման ՊՄԳ ծրագրի մասնավոր գործընկերը։

Ամենամյա միջազգային ցուցահանդեսում ներկայացվում են ոլորտի նորագույն տեխնոլոգիաները, նորարարական լուծումները, ցուցադրվում են նոր արտադրանքներ՝ առաջատար փորձառությամբ և կիբերանվտանգ նույնականացման լուծումների հաշվառմամբ։

Համաժողովում ներկայացվել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և IN Groupe ընկերության համագործակցության շրջանակում իրականացվող պետական-մասնավոր գործընկերության ծրագիրը։ Մասնավորապես ներկայացվել են՝

  • ՊՄԳ մոդելի իրականացման գործընթացը և գործընկերության հիմնական ուղղությունները,
  • նոր սերնդի նույնականացման քարտերի և կենսաչափական փաստաթղթերի ներդրման մոտեցումները,
  • կենսաչափական տվյալների կիրառման և փաստաթղթերի տրամադրման գործընթացները,
  • թվային ինքնության ենթակառուցվածքների զարգացման և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությունները։

Համաժողովի շրջանակում, մասնավորապես, ուսումնասիրվել են թվային ինքնության նոր ենթակառուցվածքների ու բազմակենսաչափական տեխնոլոգիաների, սահմանային կառավարման և տվյալների անվտանգության ոլորտներում միջազգային փորձն ու նորարարական լուծումները։

ՆԳՆ պատվիրակությունը մասնակցել է «AI Governance Architecture» թեմայով ներկայացմանն ու «AI & Cybersecurity» թեմայով պանելային քննարկմանը, որոնց ընթացքում քննարկվել են արհեստական բանականության կառավարման մեխանիզմներին, տվյալների պաշտպանության, կիբերանվտանգության և նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին վերաբերող հարցեր։

ՄՔԾ պետ Նելլի Դավթյանը և IN Groupe ընկերության ներկայացուցիչ Նատալիա Գոգոբերիշվիլին ներկայացրել են ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը։ Ցուցադրվել են փաստաթղթերի անվտանգային բաղադրիչներն ու գեղարվեստական լուծումները։

Նելլի Դավթյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի կայանալիք Identity Week Europe 2027 համաժողովում հնարավոր կլինի արձանագրել, որ կուտակված փորձը վերածվել է հաջողության պատմության, իսկ պետական-մասնավոր գործընկերության մոդելը հաջողությամբ ներդրվել է Հայաստանում՝ ճանապարհ հարթելով նմանատիպ այլ ծրագրերի իրականացման համար։