Միջազգային համագործակցությունՊաշտոնական

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը

06 հուլիսի 2026 • 04:58

Հունիսի 22-25-ը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության Սկոպյե քաղաքում կայացել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպումը, որին մասնակցել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բնակչության պետական ռեգիստրի վարման բաժնի պետ Վաղինակ Նիկողոսյանը։

Քննարկումների առանցքում էին Պրահայի գործընթացի 5-րդ նախարարական համաժողովի ճանապարհային քարտեզը, 2028-2032 թվականների Գործողությունների ծրագրի նախագծի մշակման ընթացքը, Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում և Արևմտյան Բալկաններում միգրացիոն քաղաքականության արդի զարգացումները։

Առանձին անդրադարձ է կատարվել նաև միգրացիայի կառավարման ոլորտում պետությունների դիմակայունության ամրապնդմանն ու լավագույն փորձի փոխանակմանը։

Քննարկումների ընթացքում մասնակից պետությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց երկրների առաջնահերթությունները, դիտարկումներն ու առաջարկությունները՝ Պրահայի գործընթացի 2028-2032 թվականների Գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ։

Քննարկվել են թվային ինքնության, բնակչության ժամանակակից ռեգիստրների, միգրացիոն գործընթացներում անձի անվտանգ նույնականացման, ինչպես նաև վիզային ազատականացման և սահմանահատող շարժունակության գործընթացներին վերաբերող հարցեր։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները Պրահայի գործընթացի 2028–2032 թվականների Գործողությունների ծրագրի նախագծի շուրջ։