ՊաշտոնականՄիջազգային համագործակցություն

Քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում կեղծ նարատիվների հակազդման ուղիները․ տեղի է ունեցել աշխատաժողով

20 ապրիլի 2026 • 06:47

Ապրիլի 8-ին տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմայով կեղծ խոսույթների քարտեզագրման աշխատաժողով, որը համախմբել էր պետական կառույցների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների ներկայացուցիչներին։ 

Աշխատաժողովի նպատակն էր վերհանել և քարտեզագրել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ տարածված և հնարավոր կեղծ խոսույթները, ինչպես նաև մշակել դրանց հակազդման արդյունավետ հանրային հաղորդակցության ուղերձներ և մոտեցումներ։

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ներկայացուցիչ Ֆլորիան Բինդերը, ինչպես նաև Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը։

Ընդգծվել է թեմայի արդիականությունը և վիզաների ազատականացման գործընթացում ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում հանրային հաղորդակցության կարևորությունը։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են ոլորտում առկա իրավիճակը և հիմնական մարտահրավերները։

Մասնակիցները քննարկել են կեղծ նարատիվներն ու հակազդման առանձնահատկությունները՝ ծանոթանալով նաև Մոլդովայի և Վրաստանի փորձին։

Միջոցառման ընթացքում իրականացվել է նաև գործնական աշխատանք՝ մասնակիցները խմբային մակարդակում ձևակերպել են հաղորդակցային ուղերձներ, ինչպես նաև առաջարկներ՝ ինչ ասել, ինչպես և ինչ հարթակներում ներկայացնել տեղեկատվությունը ուղղություններով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման միջոցառումները դարձնել շարունակական։