ՀայտարարությունԼրատու

Այլևս չեն ընդունվում ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման թղթային դիմումներ

հունվարի 05, 2026

Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումները կարող են մուտքագրել բացառապես https://mcs-citizenship.am/am կայքի միջոցով՝ Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգով։

Հունվարի 5-ից սկսած ՆԳՆ ՄՔԾ ոչ մի ստորաբաժանումում այլևս չեն ընդունվում ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման թղթային դիմումներ, ինչը դյուրացնում է գործընթացը, քանի որ այլևս կարիք չկա գրասենյակ այցելելու՝ խորհրդատվություն ստանալու, պակասող փաստաթղթերը, դիմում-հարցաթերթը լրացնելու և այլ պատճառներով։ Այս ամենը հնարավոր է իրականացնել տնից՝ օնլայն կապի մեջ լինելով ՄՔԾ խորհրդատուների հետ։

Պահանջվող փաստաթղթերի ցանկը հետևյալն է՝

  • «070» ծածկագրով վավեր անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության վկայական,
  • 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր),
  • ծննդյան վկայական և դրա պատճեն,
  • ամուսնության (ամուսնալուծության) վկայականը, դրա պատճենը և ամուսնու անձնագրի պատճեն (եթե փոխել է ազգանունը ամուսնության հիմքով),
  • անձնական տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ փաստաթուղթ (եթե անձը կատարել է նման փոփոխություն)։ 

Տեղեկացնում ենք, որ հայկական ազգություն չունեցող անձինք ՀՀ քաղաքացիության դիմում ներկայացնելուց տեղում պետք է հանձնեն ՀՀ Սահմանադրության թեստ, իսկ 1981 թվականի նոյեմբերի 28-ից հետո ծնված դիմումատուները պետք է ներկայացնեն նաև ծնողների անձը հաստատող փաստաթղթերը, ծնողների ամուսնության վկայականը (բացակայության դեպքում՝ հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքը, կամ մահվան վկայականը)։

Օտար լեզվով փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել հայերեն թարգմանված և նոտարական կարգով հաստատված։

Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից Ղարաբաղից տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատված են պետական տուրքի վճարից։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 84-22 հեռախոսահամարին։