Թվայնացման նպատակը վարչարարությունը պարզեցնելն է. տեղի է ունեցել նոր համակարգի գործարկմանը նվիրված աշխատաժողով
29 հոկտեմբերի 2025 • 07:14
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիության շնորհման վարչության, Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի աշխատակիցները հոկտեմբերի 25-26-ին մասնակցել են երկօրյա աշխատաժողովին, որը նվիրված էր քաղաքացիության շնորհման և դադարեցման նոր էլեկտրոնային համակարգի՝ mcs-citizenship.am-ի գործարկմանը։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը համակարգի գործարկման նախնական փուլում կարևորել է հարթակի համալիր և բազմակողմանի դիտարկումը։
Հարթակի մշակման աշխատանքներն իրականացվել են Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ֆինանսավորմամբ։ Կենտրոնի ղեկավար Անդրեյ Ափոյանը, ընդգծելով համագործակցության արդյունավետությունը, գոհունակություն է հայտնել աշխատանքները վերջնական փուլ մտնելու համար:
Վերապատրաստման նպատակը ապահովելն էր, որ յուրաքանչյուր աշխատակից համալիր կերպով տիրապետի նոր համակարգի ֆունկցիոնալին, որտեղ դիմումատուները կարող են առցանց գրանցվել, ստեղծել և ներկայացնել ՀՀ քաղաքացիության ստացման կամ դադարեցման նախնական հայտեր։
Թվայնացման նպատակը ՀՀ քաղաքացիների և օտարերկրացիների համար վարչարարությունը պարզեցնելն է:
Տեսական և գործնական քննարկումների միջոցով մասնակիցներին ներկայացվել են հարթակի մեխանիզմները, գործընկերության սկզբունքները, ինչպես նաև աշխատանքը էլեկտրոնային միջավայրում կազմակերպելու մարտահրավերները:
Հարթակի հեղինակները ներկայացրել են՝
«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի փոփոխությունները,
միջազգային լավագույն փորձը,
ՀՀ Քաղաքացիության գործերի վարման հարթակի առանձնահատկությունները և ֆունկցիոնալը,
վերանայել են իրական դիմումների հիման վրա գործերը,
քննարկել են բարդ դեպքեր, որոնք պահանջում են նոր ընթացակարգերի կիրառում։
Այս գործնական մոտեցումը նպատակ ունի մինչև համակարգի լիարժեք գործարկումը բացահայտելու և լուծելու հնարավոր տեխնիկական և վարչարարական խոչընդոտները։