Հայաստանյան պատվիրակության այցը՝ միգրացիոն ոլորտում փորձի փոխանակման նպատակով
15 սեպտեմբերի 2025 • 06:44
Հայաստանյան պատվիրակության այցը՝ միգրացիոն ոլորտում փորձի փոխանակման նպատակով ՀՀ ՆԳՆ ՄՔԾ պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի «Տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության ամրապնդում Հայաստանում» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 8-10-ը այցելել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակ (BAMF), ինչպես նաև Եվրոպայի խորհրդի գլխամասային գրասենյակ։
Այցի ընթացքում ՄՔԾ պատվիրակությունը ծանոթացել է ժամանակավոր պաշտպանության դիրեկտիվի կիրառման արդյունքում Գերմանիայում կուտակված փորձառությանը։
Հարցուպատասխանի ձևաչափով համեմատվել են երկու երկրների կողմից կիրառվող ժամանակավոր պաշտպանության մեխանիզմների առանձնահատկությունները։ Հայկական կողմին ներկայացվել են նաև Գերմանիայի կողմից իրականացվող վերաինտեգրման ծրագրերը։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը նշել է, որ պատվիրակության համար Գերմանիայի Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչություն այցելելը էական նշանակություն ունի մի քանի պատճառներով։
Մասնավորապես` ոլորտն այս պահին շրջադարձային փուլում է ինչպես վիզաների ազատականացման համատեքստում, այնպես էլ նոր կենսաչափական համակարգի ներդրման իմաստով։ Այս փուլում եվրոպական գործընկերների հետ մտքերի և փորձի փոխանակումը կարևոր է։
Գերմանիան տարիներ ի վեր գլխավորում է Հայաստանից սկիզբ առնող անկանոն միգրացիայի հանրահայտ ուղղությունների ցուցակը։
Ն. Դավթյանը վստահեցրել է` փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա աշխատելը կարող է էական ազդեցություն ունենալ վերոնշյալ հոսքերի կանխարգելման իմաստով։
Տեղի է ունեցել երկկողմ հանդիպում ՄՔԾ պետի և Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակի փոխնախագահ Մայքլ Գրիսբեքի միջև, որի ընթացքում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։
Պատվիրակությունն այցելել է նաև գերատեսչության Զիրնդորֆ քաղաքում տեղակայված մասնաճյուղ, տեղում ծանոթացել է ինչպես ապաստանի ընթացակարգերին, այնպես էլ կացարանային պայմաններին։
Այցելությանը մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը և Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Անի Չիլինգարյանը։
Հայկական պատվիրակությունը ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ այցելել է նաև Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղակայված Եվրոպայի խորհրդի գլխամասային գրասենյակ։
Ղազարյանը բարձր է գնահատել ԵԽ գործընկերների հետ գրեթե երկամյա համագործակցությունը տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության համատեքստում։ Նա ԵԽ հայաստանյան գրասենյակի հետ միգրացիոն գործընթացների շուրջ առաջին համատեղ ծրագիրը կարևորել է նաև ոլորտի բարեփոխումների և զուգահեռ ճգնաժամերի կառավարման համատեքստում՝ ընդգծելով մասնավորապես ծրագրի ճկունությունը։
ԵԽ գործընկերները հայկական կողմին ներկայացրել են Խորհրդի համագործակցության ծրագրերի բաժնի աշխատանքները բաժնի ղեկավար Ջովաննի-Բատիստա Չելիենտոյի գլխավորությամբ, մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի գործունեությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման մեխանիզմներն ու ընթացակարգերը, ԵԽ խորհրդարանական վեհաժողովի միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերով հանձնաժողովի՝ հայաստանյան գործընթացներին առնչվող հարցերը, Եվրոպական իրավական համագործակցության կոմիտեի աշխատանքները։
Տեղի է ունեցել հանդիպում ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանի հետ։