Միջազգային համագործակցությունԼրատու
ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչները Վիլնյուսում մասնակցել են «Միգրացիայի կառավարման» հանդիպմանը
27 փետրվարի 2025 • 12:31
Փետրվարի 18-20-ը Լիտվայի Հանրապետության Վիլնյուս քաղաքում ՀՀ Ներքին գործերի նախարարության և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցներից կազմված խումբը մասնակցել է Լիտվայի Հանրապետության միգրացիոն դեպարտամենտում անցկացված ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության բարեփոխումների» ծրագրի ֆինանսավորմամբ կայացած «Միգրացիայի կառավարում» թեմայով հանդիպմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լիտվայի ՆԳՆ կազմում գործող Միգրացիոն դեպարտամենտի աշխատանքի կազմակերպման կարգը, քաղաքացիություն ստանալու ոլորտի իրավական կարգավորումները, քաղաքացիություն շնորհելու գործընթացը, իրականացվող վարչարարությունը և ծրագրային ապահովումը, ինչպես նաև ուսումնասիրվել է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ուկրաինայի փախստականներին անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու և ժամկետը երկարաձգելու ընթացակարգը։
Հայկական պատվիրակությունը ներկայացրել է ՆԳՆ ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում քաղաքացիության գործերը վարելու էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները։
Լիտվացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել օժանդակել ծրագրային ապահովման գործընթացին և ներկայացնել այն խնդիրները, որոնք նոր ծրագրային ապահովումից հետո հայտնաբերվել էին իրենց մոտ՝ Հայաստանի առավել սահուն անցումն ապահովելու նպատակով։
Առաջարկվել է աջակցել ենթաօրենսդրական ակտի մշակման աշխատանքներին, սակայն, հաշվի առնելով հայաստանյան օրենսդրության առանձնահատկությունները, պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել ենթաօրենսդրական ակտերի մշակման ժամանակ առաջացած հարցերը և դրանց լուծման ուղիները։