Միջազգային համագործակցությունԼրատու

Միգրացիայի և ապաստանի ոլորտի հիմնական մարտահրավերների և խնդիրների քննարկումներ՝ Եվրոպայի խորհրդի Միգրացիայի հարցերով ազգային համակարգողների ցանցի կողմից

18 դեկտեմբերի 2024 • 14:27
Դեկտեմբերի 12-13-ը Ստրասբուրգում տեղի է ունեցել Միգրացիայի հարցերով ազգային համակարգողների ցանցի անդամների (Network of Focal Points on Migration) 10-րդ հանդիպումը, որին մասնակցում էին անդամ պետությունների և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ, փորձագետներ։ Հանդիպմանը մասնակցում էր ՆԳՆ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, ԵԽ միգրացիայի հարցերով ազգային համակարգող Հայկանուշ Չոբանյանը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայում միգրացիայի և ապաստանի հետ կապված վերջին շրջանում առաջ եկած մարտահրավերները, զարգացումները և նոր գործիքների ու չափանիշների կիրառումը։ Առանցքային թեմաներն են եղել նաև ԵԽ-ի կողմից իրականացվող միգրացիոն գործառնությունները, հիմնական հանձնարարականների իրականացումը և նոր ռեսուրսների զարգացումը։
 
Հանդիպման սկզբում ԵԽ Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Բեսթը ներկայացրել է Ֆինլանդիայի փաստահավաք առաքելության զեկույցի հիմնական արդյունքները։
 
Հայկանուշ Չոբանյանը իր ելույթում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը ՀՀ-ում բազմաոլորտ աջակցության տրամադրման գործընթացը։ Միգրացիայի և ապաստանի համատեքստում օրենսդրական և քաղաքականության վերջին զարգացումների շրջանակներում անդրադարձել է «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի լրամշակման և «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Ներկայացուցիչը հանդիպմանը տեղեկացրել է նաև Ուկրաինայից տեղահանված և ՀՀ-ում գտնվող անձանց իրավիճակի մասին՝ անդրադառնալով վիճակագրությանը, միջազգային պաշտպանության ընթացակարգերին, ինչպես նաև նրանց ընդունելու մարտահրավերներին ու լավագույն փորձին։
 
Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ կարևորվեց միգրացիոն մարտահրավերներին դիմակայելու և մարդու իրավունքները պահպանելու ԵԽ հանձնառությունը՝ նպատակ ունենալով խթան հանդիսանալ և ամրապնդել միջազգային համագործակցությունը։
 
Մանրամասները՝ ԵԽ պաշտոնական կայքում՝ https://www.coe.int/.../council-of-europe-network-of...