Լրատու

ՄՔԾ աշխատակիցները վերապատրաստվում են

20 նոյեմբերի 2025 • 08:45

Միգրացիոն կառավարման համակարգի ու փաստաթղթային անվտանգության կատարելագործումը ոլորտի ռազմավարական առաջնահերթություններից են։ 

Միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ նոյեմբերի 17–21-ը Երևանում անցկացվում է «Ինքնության կառավարում և բիոմետրիա» թեմայով դասընթաց: 
Դասընթացի նպատակը կենսաչափական տվյալների պաշտպանության, ինքնության փաստաթղթերի արդիականացման և ոլորտային հմտությունների կատարելագործումն ու նոր սերնդի անձնագրերի, ինքնության հաստատման թվային գործիքների և փաստաթղթային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի կարողությունների ամրապնդումն է:

Դասընթացին մասնակցում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շուրջ երկու տասնյակ աշխատակից: 

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը բացման խոսքում ընդգծել է, որ միգրացիոն կառավարման համակարգի կատարելագործումն ու փաստաթղթային անվտանգության բարձրացումը ոլորտի ռազմավարական առաջնահերթություններից են. դրանք համահունչ են միջազգային լավագույն փորձին և նպաստում են քաղաքացիների ու օտարերկրացիների համար մատչելի, պաշտպանված և վստահելի ծառայությունների մատուցմանը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը նշել է, որ կենսաչափական տվյալների և ինքնության կառավարման համակարգի զարգացումը նոր, ավելի բարձր նշաձող է, և Ծառայությունն արդեն թևակոխել է այդ փուլ։ 

Վերապատրաստման ծրագիրը ներառում է տեխնիկական խորհրդատվություն, միջազգային չափանիշների ներդրում և կենսաչափական տվյալների մշակման լավագույն փորձի փոխանցում։ 
Այն ընդգրկում է հետևյալ ուղղությունները՝

  • իրավական ինքնության կառավարում և ինքնության ցիկլի ամբողջական կառավարում,
  • ICAO TRIP չափանիշներ և անձնագրերի պահանջներ,
  • բիոմետրիկ տեխնոլոգիաներ՝ մատնահետքեր, դեմք, աչքի հանգույց,
  • տվյալների պաշտպանություն, անվտանգություն և ռիսկերի նվազեցում,
  • թվային ճամփորդական փաստաթղթեր,
  • ինքնության խարդախության հայտնաբերում և փաստաթղթերի փորձաքննություն,
    արհեստական բանականության կիրառման միջազգային փորձ։

Դասընթացը վարում են ինչպես տեղական մասնագետներ, այնպես էլ Միգրացիայի միջազգային կազմակերպության փորձագետներ։

Դասընթացի արդյունքում աշխատակազմը կկարողանա ապահովել քաղաքացիների և օտարերկրացիների տվյալների առավել արդյունավետ պաշտպանություն, նվազեցնել փաստաթղթերի կեղծման ռիսկերը։