ՆԳ նախարարությունը մեկնարկել է աշխատանքները կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ
15 մայիսի 2025 • 16:35
Մայիսի 14-ին հանդիպել են ՆԳ նախարարության ու «Հայփաս» ընկերության ներկայացուցիչները՝ քննարկելու պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով իրականացվող ծրագրի աշխատանքների մեկնարկին վերաբերող հարցեր։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, կարևորելով անձնական տվյալների և փաստաթղթերի լիարժեք պաշտպանությունը, անդրադարձել է այդ ուղղությամբ համատեղ իրականացվող աշխատանենրին։
ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ներկայացրել է ծառայության կառուցվածքը, ստորաբաժանումների ներգրավվածությունը պետություն-մասնավոր գործընկերություն ծրագրի իրականացմանը։
Ծառայության պետը մանրամասնել է գործառույթների բաշխումը պետության և մասնավորի միջև, վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում ընդգծել է կենսաչափական համակարգի ներդրման կարևորությունը և առաջնահերթությունը։
Նելլի Դավթյանը վստահություն է հայտնել, որ համագործակցության շնորհիվ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Հայաստանում կսահմանի մատուցվող հանրային ծառայությունների նոր որակ։
«Հայփաս» ընկերության գործընկերների համոզմամբ՝ գործընթացի հաջողությունը մեծապես կախված է նախապատրաստական փուլի հաջող մեկնարկից, արդյունավետ և թափանցիկ փոխօգնության մեխանիզմներից և միասնական հանձնառությունից։
Ծրագրի նպատակն է Հայաստանում հիմնել և գործարկել կենսաչափական նոր ենթակառուցվածք, ինչի արդյունքում քաղաքացիներին նոր և առավել անվտանգ ծառայություններ կմատուցի մասնավորը։
Ծրագրի գործառնական փուլը կմեկնարկի 2026 թվականի երկրորդ կեսին՝ կենսաչափական տվյալների հավաքագրման նոր լուծումներով, նոր աշխարհագրական ցանցով՝ ժամանակակից գրասենյակներով, որոնք վերազինված կլինեն ոլորտի միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ։
Այսպիսով, կողմերը աշխատանքների օրակարգը համարեցին մեկնարկած, ինչպես նաև ձևավորվեցին ծրագրի տարբեր բաղադրիչներով աշխատանքային խմբեր՝ ծրագրային ապահովման տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, տպագրական ենթակառուցվածքի հիմնման, շինարարական աշխատանքների իրականացման, փաստաթղթերի ձևավորման և պայմանագրի վերահսկման ուղղություններով։