Միջազգային համագործակցությունԼրատու
Ուսուցողական այց՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիոն դեպարտամենտ
22 հուլիսի 2024 • 13:22
ՀՀ-ում Միգրացիայի քաղաքականութան զարգացման միջազգային կենտրոնի կողմից իրականացվող՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության վերակազմավորմանն աջակցող ծրագրի շրջանակներում 2024թ. հուլիսի 15-17-ը կազմակերպվել էր ուսուցողական այց՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիոն դեպարտամենտի, մասնավորապես՝ դեպարտամենտի կազմում գործող անկանոն միգրանտների պահման կենտրոնի աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի՝ օտարերկրացիների իրավական կարգավիճակի որոշման և ապաստանի վարչությունների աշխատանքը համակարգող տեղեկալը, օտարերկրացիների իրավական կարգավիճակի որոշման վարչության պետը և նույն վարչության օտարերկրացիների բնակության օրինականության որոշման և վերադարձման բաժնի պետը։
Վրաստանի ՆԳՆ Միգրացիոն դեպարատամենտում կայացած հանդիպման ընթացքում ներկայացվեցին դեպարտամենտի կառուցվածքը և գործառույթները, օտարերկրացիների ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը, անկանոն միգրանտների հետ տարվող աշխատանքները, որից հետո հայկական պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան շրջայց կատարել անկանոն միգրանտների պահման կենտրոնում, ծանոթանալ պահման պայմաններին, պահման ռեժիմին և հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։
Վրաստան ուսուցողական այցի ընթացքում ձեռք բերված փորձը կօգտագործվի ՀՀ-ում անկանոն միգրանտների պահման կենտրոնի ստեղծման, անկանոն միգրանտների կամավոր վերադարձի, ինչպես նաև այդ անձանց արտաքսման կազմակերպման գործում, ինչն էլ իր հերթին կնպաստի ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից բարեփոխումների հաջող իրականացմանը։