Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները վերապատրաստվել են վարքաբանության սկզբունքների կիրառման թեմայով
14 հուլիսի 2026 • 13:00
Մասնակիցները քննարկել են սոցիալական և վարքաբանական փոփոխությունների հիմնական սկզբունքները, մարդկանց որոշումների և գործողությունների վրա ազդող գործոնները, ինչպես նաև վարքաբանական տվյալների կիրառման հնարավորությունները պետական քաղաքականությունների մշակման և ծառայությունների մատուցման գործընթացներում։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը աշխատաժողովի բացման խոսքում նշել է, որ ամենօրյա գործառնական որոշումներից մինչև հեռանկարային քաղաքականություններ կարևոր է ունենալ վերաբերելի շահառուների շրջանակի վարքաբանական վերլուծություն՝ բարձր արդյունավետություն ապահովելու համար։ Նրա խոսքով՝ առանց կշռադատված վերլուծության նույնիսկ որակյալ որոշումը կարող է չծառայել իր նպատակին։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել քաղաքացիների և օտարերկրացիների հետ հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը, ծառայությունների հասանելիության և շահառուների ներգրավվածության բարելավմանը։
Աշխատաժողովի ընթացքում կարևորվել է քաղաքացիների տարբեր խմբերի հետ աշխատանքի ուղեցույցների մշակման և սպասարկվող անձանց կողմից աշխատակազմի աշխատանքի գնահատման մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը։
Ինտերակտիվ քննարկումների և գործնական աշխատանքների ընթացքում մասնակիցները դիտարկել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործունեության շրջանակում վարքաբանական մոտեցումների կիրառման հնարավորությունները և մշակել համապատասխան առաջարկություններ։
Քննարկումները վարել են Եվրոպայի խորհրդի փորձագետներ Նատալիա Վուտովան և Սերգեյուս Մուրավյովասը՝ ներկայացնելով պետական կառավարման ոլորտում վարքաբանական գիտությունների կիրառման միջազգային փորձն ու ժամանակակից գործիքակազմը։
Աշխատաժողովն իրականացվել է «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում։