Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում դիմել անձի կարգավիճակը որոշելու համար

Անձի քաղաքացիության կարգավիճակը որոշելու նպատակով անհրաժեշտ է անձամբ դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գլխամասային գրասենյակ։

Ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես։

Ծառայությունից օգտվելու համար կարող են դիմել՝

  • ՀՀ-ում մշտապես բնակվող կամ ՀՀ-ից դուրս մշտապես բնակվող նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիները, որոնք ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն,
  • նախկին ԽՍՀՄ-ի՝ այլ պետությունների քաղաքացիները, որոնք ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն,
  •  ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայերը,
  • ՀՀ-ում մշտապես բնակվող որևէ պետության քաղաքացիություն և անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձինք,
  • ՀՀ-ում մշտապես բնակվող այլ պետության քաղաքացիությունից զրկված անձինք,
  • որևէ պետության քաղաքացիություն չունեցող ՀՀ-ում փախստական ճանաչված անձինք։

Պահանջվող փաստաթղթերը

ՀՀ-ում գտնվելու դեպքում անհրաժեշտ է մոտենալ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն և ներկայացնել քաղաքացիության հետ կապված բոլոր առկա փաստաթղթերը։

Ըստ դեպքի՝ կարող են պահանջվել հավելյալ փաստաթղթեր, որոնց մասին կտեղեկացնի Ծառայության աշխատակիցը։

Վճարման չափը և կարգը

Քաղաքացիության կարգավիճակի որոշումն իրականացվում է անվճար։

Տրամադրման ժամկետը

Կախված դեպքից՝ դիմումի ուսումնասիրությունը կարող է տևել մի քանի ամիս։

Անձը հաստատող փաստաթուղթ կտրամադրվի ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից անձի կարգավիճակի վերաբերյալ համապատասխան որոշում (եզրակացություն) կայացվելուց հետո, իսկ ուսումնասիրությունների արդյունքներով այլ պետության քաղաքացի հանդիսացող անձանց կպարզաբանվի ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը։

Հղում օրենսդրությանը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում: