Դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը

Անձը կարող է դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը իր իսկ որոշման հիման վրա։

18 տարին լրացած լինելու դեպքում ՀՀ քաղաքացիության դադարեցման համար անհրաժեշտ է անձամբ դիմել Դավիթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող ՀՀ ՆԳՆ ՄՔԾ քաղաքացիության շնորհման վարչություն՝ նախապես այց ամրագրելով migration-e.gov.am կայքով կամ earlyone հավելվածով:

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։

Ընդ որում՝ 75 տարեկանից բարձր անձանց սպասարկումը իրականացվում է «կենդանի հերթ» ձևաչափով:

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • մուտք գործել migration.e-gov.am հարթակ, ընտրել «Քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիություն դադարեցնելու դիմումի ներկայացում» բաժինը և ամրագրել այց,
  • նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել, այնպես, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  •  բացվող էջում մուտքագրել էլ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ փոստին ուղարկված կոդը,
  •  բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցե (Քաղաքացիության շնորհման վարչություն),
  • անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը,
  • «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։

Իսկ earlyone հավելվածով՝ մուտք գործել «Պետական» դաշտը, ընտրել «Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» բաժինը, մասնաճյուղերից՝ «Քաղաքացիության շնորհման վարչություն»-ը , որից հետո «Քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիություն դադարեցնելու դիմումի ներկայացում» ենթաբաժինը և, ըստ պահանջվող հերթականության, լրացնել տվյալները։

Ուշադրություն

Հերթագրման հայտը համարվում է ամրագրված, եթե Ձեր էլեկտրոնային հասցեին ստացել եք այդ մասին համապատասխան հաղորդագրություն։ 

Պահանջվող փաստաթղթեր

18 տարեկանից բարձր անձինք ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար պետք է ներկայացնեն՝

  •  դիմում-հարցաթերթ,
  •  վավեր ՀՀ քաղաքացու անձնագիր և դրա պատճենը,
  • ծննդյան վկայական և դրա պատճենը,
  • 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր),
  • ամուսնության վկայական և դրա պատճենը (եթե ամուսնացած է) ,
  • իր երեխայի ծննդյան վկայական և դրա պատճենը,
  •  զինվորական գրքույկ (զինապարտ քաղաքացիների համար),
  • այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում տվյալ պետության իրավասու մարմնի կողմից տրված վավեր անձնագիր,
  • այլ պետության քաղաքացիություն չունենալու դեպքում՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին,
  •  պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։

Այն դեպքում, երբ դիմումատուն սահմանված կարգով կատարել է անձնական տվյալների փոփոխություն, ապա ցանկի 2-րդ և 3-րդ կետով պահանջվող փաստաթղթերում առկա գրառումների հետ անհամապատասխանության դեպքում ներկայացվում է նաև փոփոխությունը հավաստող փաստաթուղթ։

Օտար լեզվով փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել հայերեն թարգմանված և նոտարական կարգով հաստատված։

Ուշադրություն

18 տարին լրացած չլինելու դեպքում՝ անչափահասի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դիմումը ներկայացնում է ծնող։

18 տարին չլրացած քաղաքացին իրավունք ունի փոխելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը (ծնողների կամ նրանցից մեկի քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում) օրենքի 17-րդ հոդվածով սահմանված հիմքերով և կարգով:

Մինչև 18 տարեկան երեխաների ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

  • դիմում-հարցաթերթ,
  • երեխայի ՀՀ քաղաքացու վավեր անձնագիրը և դրա պատճենը,
  • դիմող ծնողի վավեր անձնագիրը և դրա պատճենը,
  •  ծնողի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ,
  •  35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր),
  • ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մայր լինելու վերաբերյալ փաստաթուղթ և դրա պատճենը,
  • երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը,
  • մյուս ծնողի համաձայնությունը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե ծնողներից մեկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ընդ որում, ծնողի կողմից համաձայնությունը ծառայությունում կա՛մ դեսպանությունում, կա՛մ հյուպատոսական հիմնարկում անձամբ ներկայացնելու անհնարինության դեպքում ներկայացվում է համաձայնության՝ օրենքով սահմանված կարգով կատարված և հաստատված հայերեն թարգմանությունը,
  • երեխայի՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում տվյալ պետության իրավասու մարմնի կողմից տրված վավեր անձնագիրը,
  • օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին, եթե երեխան չունի այլ պետության քաղաքացիություն և դրա օրենքով սահմանված կարգով կատարված և հաստատված հայերեն թարգմանությունը,
  • տասնչորսից մինչև տասնութ տարեկան երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում՝ երեխայի գրավոր համաձայնությունը: Ընդ որում, երեխայի կողմից համաձայնությունը ծառայությունում կա՛մ դեսպանությունում, կա՛մ հյուպատոսական հիմնարկում անձամբ ներկայացնելու անհնարինության դեպքում ներկայացվում է համաձայնության՝ օրենքով սահմանված կարգով կատարված և հաստատված հայերեն թարգմանությունը։
  • ներկայացվող փաստաթղթերում անձնական տվյալների փոփոխությունների առկայության դեպքում՝ փոփոխությունը հավաստող փաստաթուղթ։
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։

Օտար լեզվով փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել հայերեն թարգմանված և նոտարական կարգով հաստատված։

Վճարման չափը և կարգը

ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է վճարել 25,000 դրամ։

Վճարումը հնարավոր է կատարել տեղում՝ վճարային տերմինալի միջոցով, առցանց եղանակով, կամ ցանկացած ՀՀ բանկում՝ 900005160529 հաշվեհամարին փոխանցում կատարելով։

Ուշադրություն

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22012025 թվականին կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից պետական տուրքը ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար կազմելու է 150 000 ՀՀ դրամ։

Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմումը ներկայացնելուց հետո 6 ամսվա ընթացքում դիտարկվում է անձի դիմումը։ Քաղաքացիությունը դադարեցնելու դիմումը ներկայացնելուց հետո անձը ստանում է իր անհատական ծածկագիրը SMS հաղորդագրությամբ՝ իր դիմումի համարով,  կամ նամակ էլեկտրոնային հասցեին, որով կարող է հետևել դիմումի ընթացքին։

ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դիմումը բավարարվելու դեպքում անձը այդ մասին տեղեկացվում է SMS հաղորդագրությամբ կամ էլեկտրոնային հասցեին ուղղված նամակով, որից հետո անհրաժեշտ է անձամբ կամ լիազորված անձի միջոցով (լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում) դիմել Քաղաքացիության շնորհման վարչություն ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ տեղեկանք ստանալու համար՝ ներկայացնելով իր ՀՀ քաղաքացու անձը հաստատող բոլոր փաստաթղթերը։

Տրամադրման ժամկետը

ՀՀ քաղաքացիության դադարեցման գործընթացը տևում է 6 ամիս։

 

Հղում օրենսդրությանը

«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Կառավարության 23112007թ թիվ 1390-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ո՞վ կարող է դիմել

ՀՀ քաղաքացիներ

Դիմելու տևողությունը

20 րոպե

Ծառայության արժեքը

25,000 դրամ

Տրամադրման տևողությունը

6 ամիս