Դիմել ապաստան (փախստականի կարգավիճակ) ստանալու համար
Ապաստանի խնդրանք է համարվում բանավոր, գրավոր, ժեստերի լեզվով կամ հաղորդակցության այլ միջոցով առերես արված հայտարարությունը, որն արտահայտում է անձի` ՀՀ-ում պաշտպանություն գտնելու ցանկությունը։
Ապաստանի խնդրանքը կարող է ներկայացվել ինչպես ՀՀ սահմանակետերում` ՀՀ ԱԱԾ կազմում գործող Սահմանապահ զորքերին, այնպես էլ ՀՀ տարածքում` ՀՀ ՆԳՆ ՄՔԾ-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը կամ, եթե անձը գտնվում է ազատազրկման վայրում, ազատազրկման վայրի վարչակազմին՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում։
Փախստական է համարվում այն օտարերկրացին, որը լքել է իր ծագման կամ մշտական բնակության երկիրը ռասսայի, կրոնի, ազգության, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական համոզմունքների համար հետապնդման զոհ դառնալու հիմնավոր երկյուղ ունենալու պատճառով և այդ երկյուղի պատճառով չի կարող կամ չի ցանկանում վերադառնալ այդ երկիր։ Փախստական է համարվում նաև այն օտարերկրացին, որը ստիպված է եղել լքել իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկիրը՝ արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների, համատարած բռնության և հասարակական կարգը խախտող լուրջ իրադարձությունների պատճառով։
Ներկայացվող պահանջները
Փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել սահմանված ձևի դիմում, ըստ որի՝ ՄՔԾ-ում հաշվառելուց հետո (ըստ անհատական հանգամանքների), անձի հետ կանցկացվի հարցազրույց՝ վերջինիս ինքնությունը պարզելու և երկիրը լքելու պատճառների վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու նպատակով։
Պահանջվող փաստաթղթերը
- դիմում,
- լուսանկար,
- անձը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում)։
Վճարման չափը և կարգը
Անվճար
Տրամադրման ժամկետը և կարգը
Ապաստան ստանալու դիմումը քննվում է այն ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում: ՄՔԾ որոշմամբ դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել ևս 3 ամիս: Դիմումի քննարկման արդյունքում անձը տեղեկացվում է փախստական ճանաչվելու և ապաստան ստանալու կամ ապաստանի դիմումը մերժելու մասին:
Որոշումը հնարավոր է ստանալ ՄՔԾ-ից կամ էլ․ հասցեի միջոցով:
ՀՀ-ում ապաստան ստանալու համար կարելի է դիմել ՀՀ ԱԱԾ կազմում գործող Սահմանապահ զորքերին՝ ՀՀ պետական սահմանի հետևյալ անցման կետերում և օդանավակայաններում՝
- Բավրա (Հայաստան-Վրաստան ցամաքային սահմանակետ),
- Բագրատաշեն (Հայաստան-Վրաստան ցամաքային սահմանակետ),
- Մեղրի (Հայաստան-Իրան ցամաքային սահմանակետ),
- Այրում (Հայաստան-Վրաստան երկաթուղային սահմանակետ),
- Գոգավան (Հայաստան-Վրաստան ցամաքային սահմանակետ),
- «Զվարթնոց» օդանավակայան,
- «Շիրակ» օդանավակայան։
Անհրաժեշտության դեպքում ՄՔԾ-ն կարող է կիրառել փախստական ճանաչելու բացառման և ապաստան տրամադրելու մերժման հիմքերը, ինչպիսիք են՝
- հանցագործություններն ընդդեմ խաղաղության կամ մարդկության,
- պատերազմական կամ այլ ծանր հանցագործությունները,
- ՄԱԿ-ի սկզբունքներին հակասող արարքները,
- երրորդ ապահով երկրից առանց հետապնդման երկյուղի ժամանումը։
Դիմումի մերժման վերաբերյալ ծանուցումը ստանալուց, ՄՔԾ մերժման որոշումը երկամսյա ժամկետում դատական կարգով չբողոքարկելուց և այն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անձը հայտնվում է անկանոն միգրանտի կարգավիճակում և պարտավորվում է լքել երկիրը։
Եթե ՄՔԾ-ի որոշումը բողոքարկվել է, ապա մինչև դատական ատյանների կողմից վերջնական որոշման ընդունումը անձը համարվում է ապաստան հայցող և իրավունք ունի օրինական գտնվելու Հայաստանի տարածքում, օգտվելու հասանելի ծառայություններից, բնակվելու Հատուկ կացարանում:
ՄՔԾ-ի մերժման որոշումը դատական կարգով բողոքարկելու համար անձն ունի անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:
Անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել ՀՀ Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ:
Օտարերկրացիներ, ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք
45 րոպե
Անվճար
3-6 ամիս
Օտարերկրացիներ, ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք
45 րոպե
Անվճար
3-6 ամիս