Հաշվառվել բնակության վայրում

Բնակության վայրում hաշվառվելիս անձի բնակության վայրի մասին տվյալները գրանցվում են բնակչության պետական ռեգիստրում, ինչի շնորհիվ նա կարող է մասնակցել ընտրությունների, ազատ տեղաշարժվել կամ փոխել բնակության վայրը, օգտվել մասնավոր ու պետական ծառայություններից։

Հաշվառվելու համար անհրաժեշտ է ներկայանալ բնակության վայրի ՄՔԾ ստորաբաժանում՝ նախապես այց ամրագրելով migration-e.gov.am կայքով կամ տեղում «կենդանի հերթ» ձևաչափով:

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել դիմումատուի տվյալները։ Յուրաքանչյուր այցելուի համար, անկախ տարիքից, անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • մուտք գործել migration.e-gov.am հարթակ, ընտրել «Հաշվառում/Հաշվառումից հանում» բաժինը և ամրագրել այց,
  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ այնպես, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջի «Այցելության վայր» դաշտում ընտրել հաշվառման վայրի անձնագրային ծառայությունը,
  •   ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։

 

Ուշադրություն

Հերթագրման հայտը համարվում է ամրագրված, եթե Ձեր էլեկտրոնային հասցեին ստացել եք այդ մասին համապատասխան հաղորդագրություն։ 

Պահանջվող փաստաթղթերը

Կախված այն հանգամանքից, թե ինչ հիմքով է անձը դիմում բնակության հասցեում հաշվառվելու համար, պահանջվող փաստաթղթերի ցանկը կարող է տարբերվել։

Սեփականության իրավունքի հիման վրա բնակության հասցեում հաշվառվելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

ՀՀ քաղաքացի լինելու դեպքում՝

  •    անձնագիր,
  • բնակարանի/տան սեփականության իրավունքի վկայական,
  • սեփականատիրոջ (համասեփականատերերի) համաձայնագիր,
  • սեփականատիրոջ (համասեփականատերերի) անձը հաստատող փաստաթուղթ։
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ

Օտարերկրացի լինելու դեպքում՝

ՀՀ-ում օրինական բնակության իրավունքը հավաստող փաստաթուղթ, իսկ ՌԴ քաղաքացիների դեպքում՝ անձնագիր և դրա նոտարական կարգով վավերացմամբ թարգմանություն,

  •  բնակարանի/տան սեփականության իրավունքի վկայական,
  • սեփականատիրոջ (համասեփականատերերի) համաձայնագիր,
  • սեփականատիրոջ (համասեփականատերերի) անձը հաստատող փաստաթուղթ։
  •    պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։

Հարկ է նշել, որ և՛ ՀՀ քաղաքացու, և՛ օտարերկրացու կողմից հաշվառման դիմում ներկայացնելու դեպքում սեփականատիրոջ (համասեփականատերերի) կողմից անձամբ չներկայանալու պարագայում համաձայնությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով։

Սեփականատերը նշված համաձայնությունը տալիս է անձամբ կամ նոտարական վավերացմամբ: Համաձայնության մեջ պետք է նշվեն այն անձանց տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն և ծննդյան օր, ամիս, ամսաթիվ), որոնց սեփականատերը ցանկանում է հաշվառել իր բնակելի տարածության հասցեում: Այն դեպքում, երբ բնակելի տարածությունն ունի մի քանի սեփականատեր, ապա անձին հաշվառելու համար անհրաժեշտ է ներկայացնել բոլոր սեփականատերերի համաձայնությունը:

Վարձակալության պայմանագրի հիման վրա բնակության հասցեում հաշվառվելիս անհրաժեշտ է ներկայացնել՝

  • անձնագիր (օտարերկրացու դեպքում՝ ՀՀ-ում օրինական բնակության իրավունքը հավաստող փաստաթուղթ, իսկ ՌԴ քաղաքացու կողմից դիմելու դեպքում՝ անձնագիր և դրա նոտարական վավերացմամբ հայերեն թարգմանությունը),
  • ՀՀ Կադաստրի կոմիտեում օգտագործման իրավունքի գրանցված լինելը հավաստող փաստաթուղթ։
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ

Փաստացի հասցեում բնակվելու պարագայում հաշվառվելիս անհրաժեշտ է ներկայացնել՝

  • ՀՀ քաղաքացին՝ ՀՀ անձնագիր (առկայության դեպքում նաև նույնականացման քարտ),
  • ՌԴ քաղաքացին՝ ՌԴ քաղաքացու անձնագիր և դրա նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,
  •    օտարերկրացին՝ ՀՀ-ում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ,
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։
  • Դիմումի մեջ նշված հասցեում բնակվելու փաստը ստուգվում է ոստիկանության կողմից՝ դիմումը ստանալուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումի մեջ նշված հասցեում անձի բնակվելու փաստը ստուգելուց հետո նույն աշխատանքային օրը, բայց ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրվա ժամը 10.00-ն, ոստիկանության կողմից ՄՔԾ ստորաբաժանում է ուղարկվում փաստացի բնակվելու փաստը հավաստող կամ հերքող տեղեկատվություն (տեղեկանք կամ գրություն):

Հաշվառումն իրականացվում է փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկատվությունը (տեղեկանքը կամ գրությունը) ՄՔԾ ստորաբաժանում ստացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Փաստացի բնակվելու փաստը հերքող տեղեկատվություն (տեղեկանք կամ գրություն) ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ՄՔԾ ստորաբաժանումը գրավոր մերժում է դիմումատուին:

Այն դեպքերում, երբ նախապես հայտնի է բնակելի տարածության սեփականատիրոջ առարկությունն իր բնակելի տարածության հասցեում դիմումատուին հաշվառելու վերաբերյալ, կամ դիմումատուն բնակվում է (գտնվում է) բնակելի տարածություն չհանդիսացող տարածքում, ապա ռեգիստրում կատարվում է նշում փաստացի բնակվելու (գտնվելու) վայրի մասին:

16-18 տարեկան անձը դիմումը ներկայացնում է անձամբ կամ լիազորված անձի միջոցով և կարող է հաշվառվել ծնողներից մեկի հաշվառման հասցեում։ 

Պահանջվող փաստաթղթերն են՝

  •  անձը հաստատող փաստաթուղթ (դիմումատուի անձնագիր, ծննդյան վկայական),
  •    ծնողի (ծնողների) անձը հաստատող փաստաթուղթ,
  •  պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։

Մինչև 16 տարեկան անձի հաշվառման դեպքում

Մինչև 16 տարեկան անձի հաշվառման դեպքում ծնողներից մեկը (օրինական ներկայացուցիչը կամ լիազորված անձը) դիմում է ներկայացնում ծնողներից որևէ մեկի հաշվառման վայրի ՄՔԾ ստորաբաժանում։ 

Պահանջվող փաստաթղթերը

  •   ծնողների անձնագրեր,
  • երեխայի ծննդյան վկայական, առկայության դեպքում՝ անձնագիր

անձը հաստատող փաստաթուղթ (օրինական ներկայացուցչի կամ լիազորված անձի կողմից ներկայացվելու դեպքում)։

Վճարման չափը և կարգը

Բնակության հասցեում գրանցվելու համար անհրաժեշտ է վճարել 1000 դրամ։ Վճարումը կատարվում է տեղում՝ վճարային կամ պոս տերմինալի միջոցով կամ առցանց եղանակով։

Մինչև  16 տարեկան ՀՀ քաղաքացու հաշվառման դեպքում պետական տուրք չի գանձվում, իսկ օտարերկրացիների պարագայում անհրաժեշտ է ներկայացնել պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։

16 տարին լրացած ՀՀ քաղաքացի արական սեռի զինապարտների հաշվառումը իրականացվում է տվյալ հասցեի զինվորական կոմիսարիատում՝ զինվորական հաշվառման կանգնելուց հետո։ 

Ուշադրություն

Եթե անձի տվյալները ՀՀ բնակչության պետական ռեգիստրում բացակայում են՝ 1981 թվականի նոյեմբերի 28-ից հետո ծնված դիմումատուները հաշվառվելիս պետք է ներկայացնեն նաև ծնողների անձը հաստատող փաստաթղթերը, ծնողների ամուսնության վկայականը (բացակայության դեպքում՝ հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքը կամ մահվան վկայականը)։

Հղում օրենսդրությանը

Բնակչության պետական ռեգիստրի մասին ՀՀ օրենք

ՀՀ կառավարության՝ 14․07․2005 թվականի N 1231-Ն որոշում

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք

Որոշումը և օրենքները հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ո՞վ կարող է դիմել

ՀՀ և ՀՀ-ում օրինական բնակության իրավունք օտարերկրյա քաղաքացիներ, ՔՉԱ, փախստականներ

Դիմելու տևողությունը

Մինչև 15 րոպե

Ծառայության արժեքը

1,000 դրամ

Տրամադրման տևողությունը

Մշտական հիմունքներով հաշվառվելիս՝ 3 աշխատանքային օր, փաստացի՝ 8 աշխատանքային օր