ՀՀ Նախագահի հրամանագրով քաղաքացիություն շնորհելուց հետո առաջին անգամ անձնագրավորում

ՀՀ Նախագահի հրամանագրով քաղաքացիություն ստանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է անձամբ մոտենալ Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գլխամասային գրասենյակ՝ նախապես այց ամրագրելով։

Կենդանի հերթով սպասարկվելու հնարավորություն ունեն ԼՂ տեղահանված անձինք, 75 տարին լրացած անձինք, հաշմանդամներ, բժշկական փաստաթղթեր ներկայացնող անձինք, ակնհայտ հղիները։

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար, անկախ տարիքից, անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • մուտք գործել migration.e-gov.am հարթակի «ՀՀ քաղաքացիություն ստացած անձի առաջին անգամ անձնագրավորում» բաժինը և ամրագրել այց,
  • նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ այնպես, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջում մուտքագրել էլ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ փոստին ուղարկված կոդը,
  • բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գործող բաժանմունքը,
  •   անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը,
  •  «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։

Պահանջվող փաստաթղթերը

Նախատեսված այցի օրը և ժամին անհրաժեշտ է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը

  •  անձը հաստատող փաստաթուղթը (ցանկալի է օտարերկրյա անձնագիր),
  •   պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր։

Վճարման չափը և կարգը

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1000 դրամ։

Վճարումը հնարավոր է կատարել տեղում՝ վճարային տերմինալի և պոս տերմինալի միջոցով, առցանց եղանակով, ցանկացած բանկում՝ 900005160529 հաշվեհամարին փոխանցում կատարելով, ինչպես նաև բանկային հավելվածի միջոցով (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։

Տրամադրման ժամկետը և կարգը

ՀՀ անձնագիրը տրվում է դիմումը ներկայացնելուն հաջորդող 5-րդ աշխատանքային օրը։

ՀՀ անձնագիրը առավել սեղմ ժամկետում ստանալու նպատակով սահմանված են հետևյալ արժեքները՝ 

  • 1000+10 000 դրամ՝ դիմումը ներկայացնելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը անձնագիրը ստանալու համար,
  • 1000+20 000 դրամ՝ դիմումը ներկայացնելուց 1 աշխատանքային օր հետո անձնագիրը ստանալու համար։

Այս դեպքում վճարումը հնարավոր է կատարել միայն ՆԳՆ ՄՔԾ բաժիններում՝ վճարային տերմինալի կամ պոս տերմինալների միջոցով։

Հղում օրենսդրությանը

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում: