Բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու դեպքում առաջին անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է այցելել ՆԳՆ ՄՔԾ ցանկացած ստորաբաժանում, իսկ հաշվառում չունենալու դեպքում՝ ծնողներից մեկի հաշվառման հասցեով հաշվառվելու և անձնագրավորվելու համար։
Մինչև 16 տարեկանի անձնագրավորում
ՀՀ քաղաքացիները ՀՀ անձնագիր կարող են ստանալ կամավոր՝ անկախ տարիքից։ Անձնագիրը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու, ինչպես նաև ՀՀ տարածքում օգտագործելու համար։
Մինչև 16 տարեկան երեխային անձնագիր տրամադրվում է երեխայի ծնողներից մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի (որդեգրողի, խնամակալի կամ հոգաբարձուի կամ լիազորված անձի միջոցով նոտարական հաստատումով լիազորագիր ներկայացնելու դեպքում) դիմումի հիման վրա։ Դիմումը պետք է պարունակի երեխային անձնագիր տրամադրելու գործողության վերաբերյալ հստակ նշում, ինչպես նաև անձնագիր ստացող երեխայի անձնական տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ)։
ՀՀ-ում անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար անհրաժեշտ է անձամբ ներկայանալ ՆԳՆ ՄՔԾ նախընտրելի ստորաբաժանում՝ նախապես այց ամրագրելով կամ կենդանի հերթի ձևաչափով՝ կտրոն վերցնելու եղանակով։ Որոշ մարզերում հերթագրման համակարգ դեռևս ներդրված չէ, սակայն գործընթացը համալրման փուլում է, ուստի անհրաժեշտ է ներկայանալ առանց նախապես այց ամրագրելու։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։
Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
- նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ այնպես, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
- բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը,
- բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել ՆԳՆ ՄՔԾ ցանկացած ստորաբաժանում (անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը),
- «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։
Պահանջվող փաստաթղթերը
Երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը (որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն կամ լիազորված անձը) պետք է ներկայացնեն՝
- երեխայի ծննդյան վկայականը, ծնողների ամուսնության (կա՛մ մահվան, հայրության ճանաչման վկայականները, կա՛մ միայնակ մայր լինելու վերաբերյալ տեղեկանք, կա՛մ անհայտ բացակայող, կա՛մ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը), ծնողների անձը հաստատող փաստաթուղթը,
- դիմումն օրինական ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում օրինական ներկայացուցիչ լինելը հավաստող փաստաթուղթը,
- դիմողի և իր ծնողների գրավոր համաձայնությունը (եթե ծնողներից մեկը այլ պետության քաղաքացի է և եթե երեխան առաջին անգամ է անձնագրավորվում) անձնագիր ստանալու մասին, ինչպես սահմանված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով։ Ընդ որում՝ եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել իր համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության հիման վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով,
- 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար,
- պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում՝ դրանց նոտարական կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները։
Վճարման չափը և կարգը
Անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 ՀՀ դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել տարածքային բաժիններում տեղադրված վճարային տերմինալով, պոս տերմինալներով կամ առցանց՝ ներկայացնելով վճարման անդորրագիրը։
Տրամադրման ժամկետը և կարգը
ՀՀ անձնագիրը տրամադրվում է դիմելուն հաջորդող 5-րդ աշխատանքային օրը։ Տպագրված փաստաթուղթը ստանալու համար անհրաժեշտ է այցելել ՆԳՆ ՄՔԾ այն ստորաբաժանում, որտեղ անձը ներկայացրել է դիմումը։
Կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիրը տրամադրվում է դիմումը հանձնելուն հաջորդող 10-րդ աշխատանքային օրը։
ՀՀ անձնագիրը առավել սեղմ ժամկետում ստանալու համար սահմանված են հետևյալ արժեքները՝
- 1,000+10,000 ՀՀ դրամ՝ դիմումը ներկայացնելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը անձնագիրը ստանալու համար,
- 1,000+20,000 ՀՀ դրամ՝ դիմումը ներկայացնելուց 1 աշխատանքային օր հետո անձնագիրը ստանալու համար։
Կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիրն առավել սեղմ ժամկետում ստանալու համար սահմանված են հետևյալ արժեքները՝
- 1,000+40,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը դիմելուն հաջորդող 5-րդ աշխատանքային օրը ստանալու համար,
- 1,000+50,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը դիմելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար,
- 1,000+60,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար։
Վճարումը հնարավոր է կատարել ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումում տեղադրված վճարային տերմինալով, պոս տերմինալներով կամ նախապես՝ գումարը փոխանցելով 900005162152 բանկային հաշվեհամարին և ներկայացնելով վճարման անդորրագիրը։
Նախապես վճարելու դեպքում վճարման անդորրագիրն անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով, քանի որ այն կցվելու է քաղաքացու փաստաթղթերին։
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում