Ներկայացնել մուտքի վիզայի հրավեր արտասահմանից ՀՀ ժամանողների համար (որպես անհատ)

Գոյություն ունեն 57 երկրներ, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար պետք է ստանան հրավեր ՀՀ-ում գտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձից։

Ֆիզիկական անձը ՀՀ-ում հրավերը ներկայացնում է Թաիրովի 14 հասցեում գտնվող Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում, իսկ ՀՀ ժամանող անձինք այդ հրավերի հիման վրա կարող են դիմել միայն արտասահմանում գտնվող ՀՀ դեսպանություններ կամ հյուպատոսական հիմնարկներ։

Այս ծառայությունը հասանելի է միայն անձամբ դիմելու ձևաչափով՝ բացառապես օնլայն հերթագրմամբ։

Որպես ֆիզիկական անձ՝  ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն հրավեր կարող են ներկայացնել`

  •  Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիները,
  • ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները։

Պահանջվող փաստաթղթերը

Մուտքի վիզայի հրավեր ներկայացնելու համար պետք է անձամբ մոտենալ և  ներկայացնել՝

  • հրավերի ձևաթուղթ,
  • անձնագիր (օտարերկրացու դեպքում՝ նաև կացության քարտը),
  •  հրավիրվող անձի անձնագրի պատճենը,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը:
  • հրավեր ձևակերպելիս՝ հրավեր ներկայացնող անձի ցանկությամբ, կարող են ներկայացվել նաև հրավերը հիմնավորող այլ հավելյալ փաստաթղթեր (օրինակ՝ հրավիրվող անձի հետ ազգակցական կապը հավաստող փաստաթուղթ, հրավիրվող անձի՝ օտարերկրյա պետությունում ունեցած կացության կարգավիճակը և այլն)։

Վճարման չափը և կարգը

Որպես ֆիզիկական անձ ՀՀ մուտքի վիզայի հրավեր ձևակերպելու համար անհրաժեշտ է վճարել 5000 դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել տեղում՝ պոս տերմինալի միջոցով կամ առցանց եղանակով, ինչպես նաև ցանկացած բանկում՝ հաշվեհամարին փոխանցում կատարելով (գանձապետական հաշվեհամար՝ 900005162111100)։

Տրամադրման ժամկետը և կարգը

Հրավերը ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանում ներկայացնելուց հետո 15 օրվա ընթացքում որոշում է կայացվում այն հաստատելու վերաբերյալ։ Հրավերի հաստատման դեպքում անձը հեռախոսազանգի միջոցով է տեղեկացվում այդ մասին, իսկ մերժման դեպքում՝ փոստային առաքմամբ։