Ներկայացվող պահանջները
ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար անձը պետք է հիմնավորի, որ կան ՀՀ տարածքում մեկ տարի և ավելի ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ, օրինակ՝ ուսումը, ձեռնարկատիրությամբ զբաղվելը, ազգությամբ հայ լինելը, ՀՀ քաղաքացու կամ ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող անձի ամուսինը կամ մերձավոր ազգականը լինելը, աշխատանքի թույլտվության առկայությունը, օրենքով սահմանված կարգով կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագրով կամավոր աշխատանք կատարելը (վերջին երկու հիմքերով դիմումները ներկայացվում են առցանց տարբերակով՝ workpermit.am կայքով, առցանց հերթագրում անհրաժեշտ չէ):
Պահանջվող փաստաթղթերը
Ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- դիմում-հարցաթերթիկ (լրացվում է տեղում),
- 35 x 45 մմ չափսի երեք գունավոր լուսանկար,
- անձնագիրը, անձնագրի պատճենը և անձնագրի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,
- ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր,
- ծննդյան վկայական, ծնողների անձնագրերի պատճենները և ծնողների ամուսնության վկայականի պատճենները,
- առողջական վիճակի մասին տեղեկանք,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Վճարման չափը և կարգը
Ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է վճարել 105 000 դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել տեղում՝ պոս տերմինալի միջոցով կամ առցանց եղանակով, ինչպես նաև ցանկացած բանկում՝ հաշվեհամարին փոխանցում կատարելով (գանձապետական հաշվեհամար՝ 900005162111100)։
Ժամանակավոր կացության կարգավիճակը անվճար տրամադրվում է հետևյալ անձանց՝
- անչափահասներին (մինչև 18 տարեկան անձանց),
- ՀՀ քաղաքացու մերձավոր ազգականներին (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր),
- Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրացի ուսանողներին, դասավանդող մանկավարժներին և դասախոսներին,
- Մարդասիրական կամ տեխնիկական օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ ժամանող անձանց,
- ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի և Կառավարության կողմից աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետներին և նրանց ընտանիքի անդամներին,
- դիվանագիտական անձնագրերով ՀՀ մուտք գործող անձանց, ինչպես նաև ՀՀ-ում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին,
- ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի, Մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձանց և պատվիրակությունների անդամներին,
- ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ,
- փախստականի կարգավիճակ ստացած անձի` ՀՀ ժամանող մերձավոր ազգականներին։
Տրամադրման ժամկետը և կարգը
Կացության քարտը տրամադրվում է դիմելուց հետո 30 օրվա ընթացքում։ «Վարչարարության հիմքունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով այն կարող է երկարաձգվել ևս 30 օր։ Կացության քարտը ստանալու համար անհրաժեշտ է այցելել Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ (երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09.00-18.00, ընդմիջում՝ 14.00-15.00)։