Կացության կարգավիճակի վարույթը երկարաձգելու վերաբերյալ որոշումը կամ կացության կարգավիճակ ստանալու դիմումի մերժման վերաբերյալ որոշումը փոստային առաքման միջոցով ուղարկվում է դիմողին։
Ստանալ մշտական կացության կարգավիճակ
Հայաստանում մշտական կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմել Թաիրովի 14 հասցեում գտնվող Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում՝ նախապես այց ամրագրելով։
Մշտական կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնելուց հետո օտարերկրացին ստանում է կացությունը հիմնավորող փաստաթուղթ՝ մշտական կացության քարտ, որը տրամադրվում է 5 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ։
Ծառայությունից հնարավոր է օգտվել անձամբ՝ նախապես այց ամրագրելով։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ում համար դիմելու են կացության կարգավիճակ ստանալու համար։ Յուրաքանչյուր այցելուի համար, անկախ տարիքից, անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։
Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել migration.e-gov.am հարթակ, ընտրել «Կացության կարգավիճակի դիմումի ներկայացում» բաժինը և ամրագրել այց,
- նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
- բացվող էջի «Այցելության վայր» դաշտում ընտրել Թաիրով 14 հասցեում գործող ստորաբաժանում,
- «Լրացուցիչ այցելուներ» դաշտում լրացնել ուղեկցող անձանց տվյալները (օրինակ՝ երեխայի ծնողներ),
- «Այցելության օր և ժամ» բաժնում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը և ամրագրել այցը։
Ներկայացվող պահանջները
ՀՀ-ում մշտական կացության կարգավիճակ ստանալու համար օտարերկրացին պետք է հիմնավորի, որ`
- ունի ՀՀ-ում ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսին կամ մերձավոր ազգական (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ), ՀՀ-ում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով և մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմելը առնվազն երեք տարի բնակվել է ՀՀ-ում,
- ազգությամբ հայ է,
- ՀՀ-ում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն։
Պահանջվող փաստաթղթերը
Մշտական կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- դիմում-հարցաթերթիկ (լրացվում է տեղում),
- 35 x 45 մմ չափսի երեք գունավոր լուսանկար,
- անձնագիրը, անձնագրի պատճենը և անձնագրի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,
- ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր,
- ծննդյան վկայական, ծնողների անձնագրերի պատճենները և ծնողների ամուսնության վկայականի պատճենները,
- առողջական վիճակի մասին տեղեկանք,
- պետական տուրքի վճարման անդորրագիր:
Վճարման չափը և կարգը
Մշտական կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է վճարել 140 000 դրամ։
Վճարումը հնարավոր է կատարել տեղում՝ պոս տերմինալի միջոցով, առցանց եղանակով, ցանկացած բանկում՝ 900005162111100 հաշվեհամարին փոխանցում կատարելով, ինչպես նաև բանկային հավելվածի միջոցով (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա անհրաժեշտ է ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Մշտական կացության կարգավիճակը անվճար տրամադրվում է հետևյալ անձանց՝
- անչափահասներին (մինչև 18 տարեկան անձանց),
- ՀՀ քաղաքացու մերձավոր ազգականներին (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր),
- Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրացի ուսանողներին, դասավանդող մանկավարժներին և դասախոսներին,
- ՀՀ-ին մարդասիրական կամ տեխնիկական օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ ժամանող անձանց,
- ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի և Կառավարության կողմից աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետների և նրանց ընտանիքի անդամներին,
- դիվանագիտական անձնագրերով ՀՀ մուտք գործող անձանց, ինչպես նաև ՀՀ-ում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին,
- ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի, Մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձանց և պատվիրակությունների անդամներին,
- ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ,
- փախստականի կարգավիճակ ստացած անձի` ՀՀ ժամանող մերձավոր ազգականներին։
Տրամադրման ժամկետը և կարգը
Կացության քարտը տրամադրվում է դիմելուց հետո 30 օրվա ընթացքում։ «Վարչարարության հիմքունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով այն կարող է երկարաձգվել ևս 30 օր։ Կացության քարտը ստանալու համար անհրաժեշտ է այցելել Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ (երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09.00-18.00, ընդմիջում՝ 14.00-15.00)։
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք,
Կառավարության 08․02․2008 թ․ 134-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում:
Օտարերկրյա քաղաքացիներ
20 րոպե
140,000 դրամ
30 օր
Օտարերկրյա քաղաքացիներ
20 րոպե
140,000 դրամ
30 օր