ՄՔԾ պատվիրակությունը Ամստերդամում կազմակերպված «Ինքնության շաբաթ 2025» կոնֆերանսին և ցուցահանդեսին
20 հունիսի 2025 • 16:14
Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի Պրահյան գործընթացի շրջանակում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը և պետի օգնական Թամարա Նազարյանը մասնակցել են Ամստերդամում կազմակերպված «Ինքնության շաբաթ 2025» կոնֆերանսին և ցուցահանդեսին:
Միջոցառմանը ներկայացված էին ինչպես ոլորտի պետական լիազոր մարմինների ներկայացուցիչներ, այնպես էլ անձի նույնականացման, իրավական ինքնության վավերացման, սահմանների կառավարման ոլորտի միջազգային կազմակերպությունների և տեխնոլոգիաների շուկայում առաջատար ընկերություններ:
Կոնֆերանսի ընթացքում Եվրոպական սահմանների և առափնյա անվտանգության գործակալության (Frontex) ներկայացուցիչները ներկայացրել են եվրոպական արտաքին սահմաններով կատարվող ապօրինի սահմանահատումների դինամիկան` ընդգծելով նվազման միտումը։ Ներկայացուցիչները հատկանշել են նաև այն անհամաչափ ռեսուրսը, որը ներդրվում է այդ միտումը պահպանելու համար:
Ըստ ներկայացված արդյունքների՝ 2023 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում Եվրոպայի արտաքին սահմանների մուտքի ուղղությամբ ապօրինի սահմանահատումների թիվը եղել է 66․052, 2024 թվականին նույն ժամանակահատվածում` 48․548:
Ներկայացվել է առանց վիզայի պահանջի Շենգենյան գոտի և Կիպրոս ճամփորդությունների կառավարման նոր համակարգը` ETIAS-ը։ Այն գործարկվելու է հոկտեմբերից և ունենալու է նախնական դիագնոստիկ բաղադրիչ մինչև ճամփորդությունը ուղևորների շրջանում անվտանգային, անօրինական և հանրային առողջության սպառնալիք հանդիսացող գործոնների հայտնաբերման նպատակով:
Համակարգի գործարկմամբ նախատեսվում է վերացնել սահմաններին ֆիզիկական կնիքի կիրառման անհրաժեշտությունը․ ներկայումս մշակվում է համապատասխան Travel Europe բջջային հավելվածը:
Նույնականացման ոլորտի փորձագետների հավաստմամբ` ժամանակի գլխավոր մարտահրավերը վստահությունն է և վստահության ծառայությունների մատուցումը:
Ըստ խնդրի շուրջ կառավարությունների կողմից որդեգրված միասնական բանաձևի, լիազոր մարմնի կողմից գեներացված բիոմետրիկ տվյալներին պետք է գումարել լիազոր մարմնի կողմից գեներացված իրավական ինքնության վերաբերյալ տվյալները և սերտեֆիկացնող լիազոր մարմնի կողմից թողարկված էլեկտրոնային ստորագրությունը։ Այս համակցությունը հանգեցնում է անձի ֆիզիկական կամ էլեկտրոնային վավերացված հավատարմագրի թողարկման:
Արձանագրվել է հիմնական գլոբալ միտումները, մասնավորապես՝
✔️եվրոպական սահմանահատումների թվաքանակի նախաքովիդյան իրավիճակին հասնող աճ (տարեկան ավելի քան 600 մլն մուտք և ելք),
✔️սահմանների կառավարման ռեսուրսների սահմանափակում և նոր լայնածավալ գործիքակազմերի կիրարկման անխուսափելիություն։
Ինչպես հայտնեցին կոնֆերանսի խոսնակները՝ տարբեր քաղաքների կամ պետությունների միջև պիլոտային տարբերակով փորձարկվում է էլեկտրոնային անձնագրերի շահագործման հնարավորությունները, որոնք արձանագրում են հուսալի արդյունքներ:
Գլոբալ նորարարական միտում է նաև այն, որ Էլեկտրոնային դրամապանակի տրամաբանությամբ են զարգանում նաև անձի նույնականացման տարբեր մեխանիզմների վավերացումն ու լեգալացումը, ինչի արդյունքում ավելի անխուսափելի է դառնում միգրացիայի կառավարման ոլորտում կառավարությունների և մասնավոր հատվածի սերտ և լիակատար փոխգործելի համագործակցությունը։
Կողմերը ձեռնարկում են գործուն քայլեր առավել արդյունավետ և համատեղ արդյունքներ գրանցելու նպատակով: