ՀՀ Գերբ
ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
ՊաշտոնականՄիջազգային համագործակցությունՏեսանյութեր

Փոխվարչապետն ու ՆԳ նախարարը մասնակցել են «ՀայՓաս» ընկերության՝ միջազգային լավագույն ստանդարտին համապատասխան տվյալների կենտրոնի բացմանը

31 հոկտեմբեր 2026 • 11:31

Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել «ՀայՓաս» ընկերության գլխամասային գրասենյակում տեղակայված տվյալների կենտրոնի բացման արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը։

Արփինե Սարգսյանն ու «ՀայՓաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն կտրել են կարմիր ժապավենը և ազդարարել գրասենյակի բացումը։

Բացման արարողության շրջանակում Ռեջիս Բուշյեն ներկայացրել է eIDAS միջազգային բարձրագույն ստանդարտով կառուցված ենթակառուցվածքը, որն ապահովում է փաստաթղթերի անվտանգ էկոմիջավայր։ Ըստ պայմանագրի՝ առաջիկա երկու տարիների ընթացքում ողջ արտադրական պրոցեսը խորությամբ կդիտարկվի և կգնահատվի եվրոպական փորձագիտական խմբի կողմից, և ենթակառուցվածքը կսերտիֆիկացվի։

Հյուրերը շրջել են կենտրոնում՝ ծանոթանալով ենթակառուցվածքներին, աշխատանքների կազմակերպման և տվյալների կառավարման գործընթացներին։

Կենտրոնի գործարկումը նոր կենսաչափական համակարգի ներդրման կարևոր փուլերից է՝ ուղղված տվյալների անվտանգ կառավարմանն ու համակարգի հուսալի, անխափան աշխատանքի ապահովմանը։