Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30 հոկտեմբեր 2026 • 18:31
Նոյեմբերի 1-ից փոխվում են կացության կարգավիճակների տեսակները, տրամադրման հիմքերն ու դիմումների քննարկման ընթացակարգերը։
Մասնավորապես՝
✔️ Կգործեն կացության ժամանակավոր և մշտական կարգավիճակների տեսակները։ Հատուկ կացության կարգավիճակն այլևս չի տրամադրվի՝ պահպանելով նախկինում այն ստացած անձանց համար նախատեսված անցումային երաշխիքները։
✔️ Ժամանակավոր կարգավիճակը կտրվի մինչև մեկ տարի, մշտականը՝ հինգ տարի ժամկետով։
✔️ Ազգությամբ հայ լինելը կմնա մշտական կացության կարգավիճակ ստանալու առանձին հիմք։
✔️ Մշտական կարգավիճակի այլ հիմքեր են Հայաստանում ներդրում կատարելը, Հայաստանին բացառիկ ծառայություններ մատուցելը, ինչպես նաև ընտանեկան կապերը կամ ձեռնարկատիրական գործունեությունը՝ օրենքով սահմանված լրացուցիչ պայմաններով։
✔️ Դիմումների ներկայացումն ու վարույթները կիրականացվեն միասնական էլեկտրոնային հարթակով։
✔️ Որոշումները կկայացվեն դիմումը ներկայացնելուց հետո 30-օրյա ժամկետում։ Բացառիկ ծառայությունների հիմքով մշտական կարգավիճակը կտրամադրվի վարչապետի որոշմամբ։
📌Ինչպե՞ս կկազմակերպվի դիմելու և փաստաթուղթ ստանալու գործընթացը
✔️ Ազգությամբ հայ լինելու հիմքով դիմողը նախ կգրանցվի հարթակում և կներկայացնի փաստաթղթերը։ Դրանց ամբողջականությունն ու համապատասխանությունը նախնական ուսումնասիրությամբ հաստատվելուց հետո կհերթագրվի՝ դիմումն անձամբ ներկայացնելու համար։
✔️ Փաստաթղթերի լրացման մասին դիմողը կծանուցվի հարթակով։ Ծանուցմամբ պահանջվող գործողությունները հնգօրյա ժամկետում չկատարելու դեպքում վարույթն ինքնաշխատ կկասեցվի։
✔️ Կացության քարտն ու բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքն անձը կստանա անձամբ՝ տրամադրելով մատնահետքերն ու ստորագրության էլեկտրոնային օրինակը։ Մինչև 16 տարեկանների փաստաթուղթը կստանա ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։
✔️ Վարույթի ընթացքում օրինական գտնվելու կամ բնակվելու ժամկետը լրանալու դեպքում անձի գտնվելը Հայաստանում կհամարվի օրինական՝ մինչև վարույթի ավարտն ու որոշման կայացումը։
Տվյալների պաշտպանություն և պարտավորություններ
✔️ Անձնական տվյալներին պետական մարմինների հասանելիությունը կսահմանափակվի նրանց գործառույթներով։
✔️ Օտարերկրացին կունենա օրինական բնակությունը հավաստող միայն մեկ կարգավիճակ։
✔️ Հայաստանից 183 օր և ավելի բացակայելու մասին անհրաժեշտ կլինի հարթակով ծանուցել այդ ժամկետը լրանալուց հետո առավելագույնը 10 օրվա ընթացքում։ Պահանջը չի տարածվի ներդրման կամ բացառիկ ծառայությունների հիմքով մշտական կարգավիճակ ունեցողների վրա։
Ի՞նչ է նախատեսվում նախկինում դիմած և գործող կարգավիճակ ունեցող անձանց համար
✔️ Մինչև նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումները կքննարկվեն նախկին կարգավորումներով։
✔️ Հատուկ կացության կարգավիճակ ստացած անձինք մինչև դրա ժամկետի ավարտը կպահպանեն դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները։
✔️ Նախկինում մեկից ավելի կարգավիճակ և հավաստող փաստաթղթեր ունեցողները կկարողանան դրանք օգտագործել մինչև վավերականության ժամկետի ավարտը։
✔️ Կարգավորումներով նախատեսվում է նաև աշխատելու համար աշխատանքի վիզայի առկայություն։